Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ասուլիսում նշել է, որ Հայաստանում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն անցկացվում է առանց խնդիրների ու խոչընդոտների:
Առաջին դասարանցիների հայտագրման ընդհանուր գործընթացը մեկնարկել է հունիսի 21-ին, անցկացվում է երեք փուլով:
Հունիսի 21-ից հայտագրումը բաց է բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող նույն հաստատությունում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու կամ ծնողի աշխատելու հանգամանքը։
Երկրորդ փուլն անցկացվում է հուլիսի 6-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով, հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատությունների դիմորդների համար եւ բաց կլինի Հայաստանի Հանրապետության բոլոր առաջին դասարանցիների ծնողների համար։
Պողոսյանը նշել է, որ հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար ռուսերենով ուսուցմամբ դասարաններում: Ըստ նրա՝ այս տարի որոշ փոփոխություններ են իրականացվել:
«Նախ առանձնացրել ենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրելու էջը: Դրանից բացի՝ ընդհանուր հայտագրումների գործիքակազմն ենք դյուրացրել, որ ծնողների համար դյուրին լինի»,- ընդգծել է Պողոսյանը:
Հայտագրման հարթակները բաց կլինեն ամբողջ տարվա ընթացքում: Դրանք հասանելի են նաեւ երկրից դուրս: Այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով ծնողները գտնվում են Հայաստանից դուրս, միեւնույնն է, կարող են կատարել հայտագրումը: Հունիսի 21-ից մինչ օրս կատարվել է առաջին դասարանցիների 21 հազար հայտագրում: