ՀՀ ԱԺ-ից հայտնել են, որ ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները:
«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա:
Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու եւ այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական Սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային եւ կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ համագործակցությանը: