Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը:
Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն տեղի կունենա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրա թեկնածությունը հաստատելու համար:
Քրիստինա Քվիենը 2019-ից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016-ից մինչեւ 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաեւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրամիության, Ուկրաինայի եւ Բելառուսի հարցերով տնօրեն:
Կալիֆոռնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան եւ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սկսել է պաշտոնավարել 2019-ի փետրվարի 19-ից: