ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն երեք կառույցներ՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ միգրացիոն ծառայությունը:
Փոխնախարարը նշել է, որ ի սկզբանե բարեփոխումները միտված են եղել հենց ոստիկանության վերանայմանը, սակայն այդ բարեփոխումների շղթայում կներառվեն նաեւ միգրացիոն ծառայությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի եւ պետական ռեզերվների կառավարում
Պաշտոնյան հավելել է, որ աղետների, ճգնաժամային եւ այլ իրավիճակներում մեկ կետից կառավարման եւ միմյանց փոխլրացնող արձագանքի շնորհիվ ՆԳՆ-ն իր առջեւ դրված խնդիրներն ավելի արդյունավետորեն կիրականացնի:
Սարգսյանը նշել է, որ օրինակ, փրկարար ծառայությունը եւ ոստիկանությունը միմյանց ռեսուրսներն օգտագործելու միջոցով շատ ավելի արդյունավետորեն կարող են հասնել խնդրի լուծմանը:
Ըստ փոխնախարարի՝ առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, եւ դրանց համար համապատասխան քաղաքականություններ պետք է մշակվեն: Պետք է լինեն նաեւ կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ:
Մասնավորապես նա կարեւորել է հասարակական կարգի պահպանությունը, հանցագործությունների կանխումն ու բացահայտումը: Որպես ստեղծվելիք ներքին գործերի նախարարության երկրորդ կարեւոր գործառույթ՝ փոխնախարարը նշել է աղետների ռիսկի կառավարումը, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը:
Ներգաղթին եւ քաղաքացիությանը վերաբերող հարցերը
Հումանիտար հարցերն, ըստ Սարգսյանի, նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարեւոր գործառույթը կառուցվածքային լուրջ փոփոխություններ ենթադրող՝ ներգաղթին եւ քաղաքացիությանը վերաբերող հարցերն են:
Փոխնախարարը նշել է, որ ներկայում ներգաղթի ոլորտով զբաղվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության միգրացիոն ծառայությունը:
«Բայց կան հարցեր, որոնք բնորոշ են միգրացիոն ծառայությանը, սակայն կենտրոնացված են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում, կան գործառույթներ, որոնք բնորոշ են ոշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն դրանք շարունակել են պահպանվել միգրացիոն ծառայության գործառույթների ցանկում»,- ընդգծել է ՀՀ արդարադատության փոխնախարարը:
Ոստիկանության պետն ու փրկարար ծառայության պետը՝ ՆԳՆ փոխնախարարներ
Կարեւորելով միգրացիոն արդյունավետ կառավարում ունենալը՝ փոխնախարարը շեշտել է, որ միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ-ի կազմում ստեղծվելու է միգրացիոն եւ քաղաքացիության ծառայությունը, որը կմիավորի անձնագրերի եւ վիզաների վարչությունը, նաեւ միգրացիոն ծառայությունը:
ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտնել է նաեւ, որ ոստիկանության պետն ու փրկարար ծառայության պետը համատեղելու են ներքին գործերի նախարարի տեղակալների պաշտոնները: