2022-ի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 միլիոն տոննա բեռ, ինչը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:
Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 223,6 հազար տոննա բեռ, գրեթե նույնքան, ինչ նախորդ տարի, ներմուծման հաղորդակցությունում՝ 329,7 հազար տոննա կամ 31,5%-ով ավելի, քան 2021-ին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 926,3 հազար տոննա՝ 2021-ի առաջին կիսամյակի համեմատ 6,4% անկումով:
Ըստ «Առաջինի լրատվական ալիքի»՝ հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 148 հազար տոննա արդյունաբերական հումք եւ 75,3 հազար տոննա կոնտեյներային բեռ։ Փոխադրվել է նաեւ 188,6 հազար տոննա նավթալից բեռ, ինչը 16,8%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։
2022-ի հուլիսի 1-ից Փոթի, Բաթում, Սամտրեդիա կայարաններից Հայաստանի ուղղությամբ արագացված կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողության բեռնարկղերի փոխադրման միասնական միջանցիկ դրույքաչափ է սահմանվել։
Այս տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կշարունակի բեռնափոխադրումների համար շարժակազմի վերանորոգման եւ թարմացման գործընթացը։ Մասնավորապես ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ գնել 48 նոր կիսավագոն։