ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտարարել է, որ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին Կառավարության` 2008-ի օգոստոսի 14-ի որոշմամբ` Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան՝ «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական եւ հողային աշխատանքներն օրենքով արգելված են։
Հայտարարությունում նշված է, որ ՀՀ օրենսդրությամբ շինարարական ցանկացած աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ են թույլտվություն, մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր եւ կարեւոր կառույցների դեպքում՝ նաեւ հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։
Ինստիտուտից նշել են՝ հաշվի առնելով, որ հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը, եւ լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երեւում է, որ Հատիսի գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ եւ ճանապարհաշինարարություն, անհրաժեշտ է, որ հետազոտությունների արդյունքները եւ շինարարության թույլտվությունը հրապարակվեն անկախ փորձաքննության համար։