Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2022-ի առաջին 6 ամսում Վրաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն ավելացել է 69%-ով։
Մասնավորապես, 6 ամսվա տվյալներով, օդանավակայաններն, ընդհանուր առմամբ, սպասարկել են 1 միլիոն 716 հազար 718 ուղեւորի, ինչը 189%-ով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածում փոխադրված ուղեւորների թվից։
6 ամսվա ընթացքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 163 հազար 177 ուղեւորի։ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 166%։
2022-ի երկու եռամսյակում Քութաիսի միջազգային օդանավակայանը սպասարկել է 328 հազար 386 ուղեւորի։ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 965%։
Վրաստանի երրորդ՝ Բաթումի միջազգային օդանավակայանը սպասարկել է ավելի քան 216 հազար ուղեւորի։ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 77%:
2022-ի 6 ամսում Վրաստանի օդանավակայաններում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 8 556 չվերթ, որից կանոնավոր չվերթերի թիվը եղել է 6785, չարտերայինը՝ 1771։ Թռիչքների թիվն ավելացել է 84%-ով՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստանում գործում է 40 ավիաընկերություն՝ 74 ուղղություններով
Ըստ նույն աղբյուրի՝ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022-ի 6 ամսում վրացական ավիացիոն շուկայում ուղեւորների թվով առաջատարը Turkish Airlines-ն է։
Turkish Airlines-ն ունի շուկայի 13% մասնաբաժին եւ փոխադրում է 226 հազար 719 ուղեւորի։ Նույն տոկոսային 13% մասնաբաժնով երկրորդ տեղում է հունգարական Wizz Air ավիաընկերությունը՝ 226 հազար ուղեւորով։
Հուլիսի 1-ի դրությամբ Վրաստանի օդանավակայաններում գործում է 40 ավիաընկերություն՝ 74 ուղղություններով: