Այս տարի լրանում է Երեւանի արական գիմնազիայի գրադարանի հիմնադրման 190-ամյակը։ Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին գիմնազիայի գրադարանից բացառիկ նմուշներ։ Հենց այս նմուշների հիման վրա է կազմավորվել Հայաստանի ամենամեծ գրապահոցի հավաքածուն, որտեղ այժմ կա շուրջ 6,5 միլիոն միավոր գրականություն։ Երեւանի արական գիմնազիայի գրադարանի գրքերն (13 095 միավոր գրականություն) այժմ պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում։
Ազգային գրադարանը հիմնադրվել է Երեւանի արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա 1832 թվականին: 1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Մինիստրների խորհրդի նիստում ընդունվեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, որով գրադարանը ստացավ գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1990-ին վերանվանվեց Հայաստանի ազգային գրադարան։ 1999 թվականից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի ազգային գրադարանի օր։
Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը պատմեց՝ արական գիմնազիան Երեւանում առաջին պետական դպրոցն էր։ Սկզբում գիմնազիայի գրադարանն աղքատիկ էր, ուներ ընդամենը մի քանի տասնյակ անուն գիրք։
1836 թվականին գրադարանն ուներ 14 անուն գիրք՝ 32 հատորով, իսկ 1837 թվականին՝ 18 անուն գիրք՝ 40 հատորով, 6 ամսագիր, Ռուսական կայսրության 1 քարտեզ, 2 աշխարհագրական քարտեզ (5 աշխարհամասերի):
«Ըստ հաստատված կանոնադրության՝ գավառական դպրոցում պետք է դասավանդեին կրոնի պատմություն, ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն եւ պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն, պատմություն, գեղագրություն, նկարչություն եւ գծագրություն: Սակայն աշխարհագրությունը, պատմությունը, նկարչությունը եւ գծագրությունը չեն դասավանդվել: Աշակերտների առաջադիմությունը ցածր էր, նրանցից շատերը խուսափում էին դպրոց գնալուց: Այսպիսին էր գավառական դպրոցի դրությունը մինչեւ Խաչատուր Աբովյանի տեսուչ նշանակվելը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց Ալիսա Ադամյանը։
Երեւանի գավառական դպրոցի զարթոնքի տարիները եղան 1843-1848 թվականները, երբ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը դպրոցում որպես տեսուչ եւ ուսուցիչ էր աշխատում։ Արական գիմնազիայի գրադարանը Երեւանի նահանգի եւ Արեւելյան Հայաստանի ամենահարուստ գրադարանն էր՝ 18 000 միավոր գրականությամբ։ Գրադարանը նաեւ մշակութային կարեւորագույն օջախ էր եւ կրթամշակութային կենտրոն, որը հաստատեց իր կարեւոր դիրքը Երեւանի հասարակական կյանքում:
(19-րդ դարի վերջին գրադարանի հավաքածուն մի քանի անգամ մի վայրից մյուսը փոխադրեցին։ Ավելի ուշ՝ 1924 թվականին, պարզվեց՝ գրքերի մի մասն անհետացել է։ Պահպանվել էր 13 095 միավոր գրականություն)։
Մինչեւ Երեւանի գավառական ուսումնարանի տեսուչ նշանակվելը Աբովյանը գիտեր Դորպատի, Մոսկվայի, Պետերբուրգի, Կազանի, Թիֆլիսի բոլոր գրախանութների հայտնի հրատարակիչների, գրավաճառների մասին: Նա գրադարանի համար այդ քաղաքներից գրքեր ձեռք էր բերում նաեւ փոստային առաքման միջոցով:
Գիմնազիայում հետեւում էին նաեւ էթիկայի կանոններին։ Գրադարանում կային գրքեր եւ ցուցապաստառներ, որոնք ուսումնասիրելով՝ աշակերտները սովորում էին, թե ինչպես պետք է գրիչը ճիշտ բռնել, նստել աշակերտական սեղանի մոտ, պայուսակը բռնել, քայլել․․․
Գիմնազիան պարբերաբար ձեռք էր բերում երեխաներին ճիշտ դաստիարակելու, մանկավարժական հմտություններին վերաբերող գրքեր, որոնցից մեկը Ռուսաստանում գիտական մանկավարժության հիմնադիր Կոնստատին Ուշինսկու «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» աշխատությունն է, որը համարվում է համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից մեկը։
Արական գիմնազիան ձեռք էր բերել այս գրքի առաջին հատորի 5-րդ հրատարակությունը (Սանկտ Պետերբուրգ, 1881 թվական)։
Ազգային գրադարանն այժմ արժեւորվում է որպես ազգային եւ համաշխարհային տպագիր ժառանգության շտեմարան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։