Ուսումնական տարին սկսվելուն պես մարզաբնակ եւ այլազգի ուսանողներին առավելապես հուզում է մեկ խնդիր՝ որտեղ են բնակվելու, վարձելու են տուն, թե սենյակ հանրակացարանում:
24-ամյա Մարիամ Ղարիբյանը Սեւանից է: Ընտանիքը տեղափոխվել է Երեւան 2016 թվականին, որ Մարիամը եղբայրների հետ բարձրագույն կրթություն ստանա: Եղած դժվարություններին, սակայն, գումարվել է բնակարանի խնդիրը. ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով վարձերը կտրուկ աճել են:
Քսանվեցամյա Աքսանա Քլոյանը ստիպված էր ամեն օր Երեւան գալ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից, որովհետեւ ընտանիքն ի վիճակի չէր վճարելու ուսման եւ բնակարանի վարձերը:
«Առավոտյան ժամը 7-ին դուրս էի գալիս տնից, երեկոյան էլ խնդրում էի դասախոսներիցս դասից շուտ դուրս գալ, որ հասցնեի տուն վերադառնալ գյուղ մեկնող միակ ավտոբուսով»,- հիշում է Աքսանան եւ ավելացնում, որ համագյուղացիներից շատերը չեն կարողացել բարձրագույն կրթություն ստանալ Երեւանում կացարան չգտնելու պատճառով:
Արուսյակ Ղարիբյանը, որ մի քանի բուհերում է դասավանդում, կարծում է, որ այս խնդիրը վատ է անդրադառնում նաեւ ուսանողների կրթության վրա: Նրանք ստիպված են աշխատել, որպեսզի կարողանան վճարել բարձր վարձակալվող բնակարանների համար: Ղարիբյանը կարծում է, որ այս պարագայում այլընտրանքային տարբերակ կարող է լինել հեռավար կրթությունը. «Օրինակ՝ ԵՊՄՀ-ում ուսանող ունեինք, որը ԱՄՆ-ից էր եւ սովորում էր հեռավար եղանակով:
Սակայն դա հեշտ չէ Հայաստանում. շատերը չունեն հարմար պայմաններ, համակարգիչ, արագ համացանց»:
Իսկ ինչպե՞ս են այս խնդիրը լուծում արտասահմանում սովորող մեր հայրենակիցները:
Պրիվոլժսկու անվան հետազոտական բժշկական համալսարանի ուսանող Արմեն Գրիգորյանը պատմում է, որ բուհերը պարտավորվում են իրենց ուսանողներին կացարան տրամադրել: «Առհասարակ Ռուսաստանում բոլոր բարձրագույն հաստատություններն ունեն իրենց հանրակացարանները, որոնց թիվը գնալով մեծանում է: Ոչ մի ուսանող այնտեղ չունի կացարանի խնդիր»,- ասում է նա:
Կալիֆոռնիայի պետական համալսարանի ուսանող Գրետա Աբրամյանը նախընտրում է հեռավար կրթությունը, չնայած իր բուհը նույնպես ունի ուսանողական վճարովի հանրակացարան:
«Այտեղ բոլոր բուհերն ունեն թե՛ կացարան տրամադրելու, թե՛ հեռավար կրթության հնարավորություն: Հեռավար եղանակով կրթություն ստանալն ավելի է հեշտացնում մեր կյանքը. հարկ չկա այդքան ժամանակ ծախսել համալսարան հասնելու համար կամ գումար ծախսել կայանատեղիների վրա»,- բացատրում է Գրետան:
Հայաստանում բուհերի մեծամասնությունն ունի հանրակացարաններ, որոնք վճարովի են, տեղերն էլ՝ սահմանափակ:
Միայն մանկավարժական համալսարանը չունի: Սակայն ուսանողների կարծիքով հանրակացարաններ ունենալը դեռեւս լուծում չէ, կարեւոր է, որ այնտեղ ապահովվեն անվտանգության նորմերը:
Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից պարզեցինք, թե ինչու չեն ուզում բնակվել հանրակացարաններում։ Պատճառն ընդհանուր սանհանգույցն ու խոհանոցն է, այլազգի ուսանողներով շրջապատված լինելը: Մյուս կողմից՝ հանրակացարանում ապրելը Հայաստանում ավելի թանկ է, քան տուն վարձելը. 2-3 հոգով համատեղ ապրելու դեպքում ավելի քիչ են վճարում:
«Հակահիգիենիկ, ապրելու համար անբավարար պայմանները հաճախ սկսվում են հենց շենքերի բակերից, էլ չասենք սենյակների, սանհանգույցի, խոհանոցի մասին: Կարեւոր է նաեւ անվտանգությունը: Շատերիս ծնողներն անգամ արգելում են մեզ այցելել հանրակացարաններում բնակվող մեր ընկերներին»,- ասում է ուսանողներից մեկը:
Մարզերից եկած ուսանողները կարծում են, որ իրենց խնդրի լուծման համար անհրաժեշտ է կա՛մ ապահով, բարեկարգ եւ մատչելի ուսանողական հանրակացարան, կա՛մ որակյալ հեռավար կրթություն ստանալու հնարավորություն: