Ըստ վարչապետի աշխատակազմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Տոյվո Կլաարի հետ ավելի վաղ հանդիպել է նաեւ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաեւ հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ավելի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսնակը հայտնել էր, որ կարճատեւ այցով Հայաստանում գտնվող Տոյվո Կլաարը հուլիսի 14-ին հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, որից հետո՝ հուլիսի 15-ին, կմեկնի Բաքու: