ՀՀ Կառավարությունը որոշել է ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11,8 միլիարդ դրամ հատկացնել: ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ գումարը կուղղվի 2 միջպետական, 6 հանրապետական, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը:
«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Նախագիծը հաստատելուց հետո մենք հնարավորություն կունենանք շատ արագ սկսելու շինարարական աշխատանքները»,- նշել է Տերտերյանը:
Խոսքը Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5 կմ հատվածի՝ Դիլիջանի ոլորանների եւ Մ10 միջպետական նշանակության 8,3 կմ հատվածի մասին է:
Հանրապետական նշանակության ճանապարհներից են Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածը, հաջորդը՝ Դաշտավան-Զորակ-Սայաթ-Նովա բնակավայրերի ճանապարհը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Հ75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,1 կմ-անոց հատվածը:
Վերականգնման ենթակա մյուս ուղիներն են՝ Երերուքի տաճար տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2,7 կիլոմետրանոց հատվածը, Ստեփանավան համայնքում 8,6 կմ հատվածը, Տ9-19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհը, ինչպես նաեւ Մ5 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիր տանող 1,7 կմ ճանապարհահատվածը եւ Սյունիքի մարզի Լծեն ավտոճանապարհը:
Ի դեպ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Երեւանից Ադրբեջանի սահման ձգվող ճանապարհի որոշ հատվածներում երթեւեկությունը դադարեցվում է:
Երթեւեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն է նախատեսվում՝ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (կմ14+477-կմ14+777 եւ կմ14+849-կմ15+300) հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 13-16-ը ներառյալ` 20։00- 08։00-ն, դադարեցվելու է երթեւեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ։
Հիմնադրամից հավելել են, որ երթեւեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երեւան այլընտրանքային երթուղով։