Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում բռնկված անտառային հրդեհից տուժել է 19 մարդ: Նրանցից 9-ը, ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի, հիվանդանոցներում ստանում են ամբուլատոր բուժօգնություն, որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից: Տուժածների թվում կան նաեւ 3 հրշեջներ, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել հրշեջ մեքենայի շրջվելու հետեւանքով:
Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռեւս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է:
Հրդեհի մարման աշխատանքները, որոնք ընդհանուր առմամբ գիշերվա ժամերին ընդհատվել էին, հուլիսի 14-ի վաղ առավոտից մեծ թափով շարունակվում են: Աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:
Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշջին էլ հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտրաէներգիայի ենթակայանից: