ՀՀ դատախազությունից հայտնել են, որ Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում՝ Պուշկին, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երեւանցու փողոցների տարբեր հասցեներում, առերեւույթ ոչնչացվել է պետական հաշվառման վերցված ԽՍՀՄ, հանրապետական կամ տեղական նշանակության 18 պատմամշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի:
Դրա մասին վկայում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ից, դատախազության ստորաբաժանումներից, մշակույթի նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները։
Ընդ որում նշված հուշարձանների քանդման, վնասման վերաբերյալ նախապատրաստված նյութեր, հարուցված քրեական գործեր եւս չկան:
Դատախազությունից հայտնել են նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի արխիվային նյութերում միայն 4 հուշարձանների քանդման թույլտվություններ կան, իսկ հուշարձանների քանդման վերաբերյալ փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվ չեն հանձնվել:
Ըստ դատախազության՝ 2000-2010 թվականների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք դրսեւորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Արդյունքում չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման եւ հսկողության իրականացման գործառույթները:
Ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: