ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, Էդվարդ Ասրյանին հատուկ հրամանագրով հինգ տարի ժամկետով նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
ԳՇ շտաբի պետի պաշտոնը թափուր էր փետրվարի 24-ից, երբ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստորագրել էր հրամանագիր Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։
Ավելի վաղ ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնողը միաժամանակ կստանձնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի սկզբին նշել էր, որ ԶՈՒ ԳՇ պետը պաշտպանության նախարարին չի փոխարինելու։ Նա ընդգծել էր, որ գնումների գործընթացը եւ ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ գլխավոր շտաբն այլեւս չի զբաղվելու այդ հարցով։
Գործող օրենքով զինված ուժերի գլխավոր շտաբն է կազմակերպում զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական եւ թիկունքային ապահովումը։ Պապիկյանը շեշտել էր, որ ԶՈՒ-ն պետք է զբաղվի միայն իրեն վերապահված գործով` պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ, բանակի մարտունակության բարձրացմամբ։