Մենք չգիտենք, թե հարյուր տարի հետո տեղեկություններ որոնելու եւ ստանալու ինչ համակարգ է գործելու: Այդուհանդերձ, կարծում եմ, մեր այսօրվա մասին ինչ-որ բան իմանալու համար 2122 թվականի քաղաքացին բացելու է ինտերնետային կայքերի արխիվները, ինչպես մենք ենք գրադարաններում քրքրում հարյուր տարի առաջվա թերթերի կարածոները։
Արդ, ի՞նչ կկարդա քաղաքացին, եթե 2122 թվականին փորձի պատկերացում կազմել, թե Հայաստանում 2022 թվականի հուլիսի 8-15-ը ինչ է կատարվել։ Ավելի շուտ՝ եթե ցանկանա հասկանալ, թե ինչն է մտահոգել Հայաստանի հանրությանը. չէ՞ որ լրատվամիջոցները կարծես թե պետք է լինեն այդ մտահոգությունների արտահայտիչը։
Եվ այսպես, առաջին թոփ թեման, որին կբախվի 2122 թվականի ուսումնասիրողը. ոմն Գագիկ Ծառուկյան որոշել է Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձան տեղադրել։ Բայց էս ի՞նչ է, կմտածի բանական մարդը (իսկ որ այդ դարի մարդը մեզնից ավելի խելացի ու բանական կլինի, կասկած չկա). երկրի ղեկավարն ասել է, թե համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, եւ իրենց նախնական գնահատականը դրական է, դրանից մեկ կամ երկու օր հետո ինչ-որ գործեր են սկսվել Հատիս լեռան վրա, եւ մեկ էլ հանկարծ երկու նախարարություն հայտարարություն է տարածել, թե աշխատանքները պիտի կասեցնել, որովհետեւ սարը բնության հուշարձան ու պահպանվող տարածք է։ Նույն բանը պնդել են տարբեր հասարակական կառույցներ եւ անգամ պետական ինստիտուտներ։ Լավ, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված էին ու դրական էր, ո՞նց ստացվեց, որ կարծես փաստաթղթերի խնդիր կա, ու էնքան էլ դրական չէր, կմտածի բանական մարդը։
Փաստորեն, էլի կմտածի 22-րդ դարի մարդը, 2022 թվականի հունիսին հայ ժողովուրդը այլ կարեւոր հոգս չի ունեցել, քան Հիսուսի արձանի մասին ոմն Գագիկ Ծառուկյանի «համապատասխան» եւ «ինքնըստինքյան» բացատրությունները, դրա շռնդալից զբոսաշրջային նախագիծ լինելու մասին ինչ-որ նախարարի ճամարտակությունները եւ այս ամենի վերաբերյալ առարկությունները կարդալն ու լսելը։
22-րդ դարի ուսումնասիրողը կտեսնի, որ շաբաթվա երկրորդ թոփ թեման վարչապետի տիկին ոմն Աննա Հակոբյանի այցն էր Սյունիքի մարզ։ Չէ, նորմալ է, կմտածի այդ բանական մարդը, ցանկացած հայաստանցի կարող է ուր ասես այցելել։ Բայց էս լրատվամիջոցներին ինչո՞ւ է միայն հետաքրքրել է, թե ով ծաղիկներով դիմավորեց այդ տիկին Աննային, ով՝ անծաղիկ, ով ընդհանրապես չդիմավորեց։ Տեսնես մարդկանց էլ է՞ սա հետաքրքրել։ Բա Սյունիքի սահմանների՞ց ինչ կա։ Ոնց որ կրակոցներ են եղել։ Բայց սա Վայոց ձորի մասին է։ Ելփին գյուղի մոտ։ Սյունիքի հետ կապ չունի։ Այսինքն՝ կապ ունի այնքանով, որ ճանապարհը դեպի Սյունիք այդտեղով է անցնում։
Երրորդ թոփ թեման. Հայաստանի կառավարման բուրգի ԱԺ կոչվող հաստատության մի խումբ պատգամավորների (ընդդիմադիր) մանդատներից զրկելն էր։
Հապա՛, հապա՛, կմտածի 22-րդ դարի բանական մարդը, էս ի՞նչ լուր է, որ բոլորը տարածել են. ոմն Ալեն Սիմոնյան (սույն մարդը կարծես թե այդ ԱԺ կոչվողի ղեկավարն է եղել), ասել է, թե մանդատներից զրկելը շատ հաճելի գործընթա՞ց է։ Գրողը տանի (կարծում եմ այս արտահայտությունը դեռ պահպանված կլինի նաեւ 22-րդ դարում), բայց ի՞նչ հաճելի բան կարող է լինել մարդկանց պատժելը։ Թեկուզ եւ ընդամենը մանդատազրկմամբ։
Իհարկե, ասենք, միջնադարում էլ կղերը եւ կղերականնները հաճույք էին ստանում այլ կերպ մտածողներին կամ ինչպես իրենք էին ասում՝ հերետիկոսներին խարույկի վրա այրելուց կամ կախաղան բարձրացնելուց։ Դե, նրանք կղեր էին, իրենց համոզմունքներին դեմ ցանկացած բան հերետիկոսություն էր ու դիվական։ Բայց, էլի գրողը տանի, 21-րդ դարում այլ կերպ մտածելու եւ գործելու համար պատժել ու հաճո՞ւյք ստանալ։ Կարծում եմ՝ էսպես կմտածի 22-րդ դարի բանական մարդը եւ կսկսի կասկածել 21-րդ դարի Հայաստանի ղեկավարների մոտ բանականության եւ նույնիսկ բարոյականության առկայությանը։
Բայց, սպասե՛ք, 22-րդ դարի 22 թվականի հունիսին կմտածի Հայաստանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ բանական մարդը, ախր էդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի դեռ հակամարտության մեջ էին, բա էդ կռվից ու խաղաղություն կոչվածից հեչ նորություն չկա՞։
Ըհը, կարծես կա. Նիկոլն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով, Նիկոլն ու Պուտինը զրուցել են հեռախոսով։
Ուրի՞շ։ Ինչ-որ եվրոպացի պաշտոնյաներ են եկել-հանդիպել-գնացել։ Միայն պաշտոնական տեղեկություններ են, որոնցից ընդամենը կիմանաս հենց միայն գալ-հանդիպել-գնալու մասին։ Հա, նրանցից մեկը մի խիստ կարեւոր տեղեկություն է թողել ապագա սերունդներին՝ գրելով, թե Երեւանում ահավոր շոգ է։
Լավ, էս երկրում 21-րդ դարի 22 թվականի հունիսին մշակութային կյանք-բան չի՞ եղել։ Ըհը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոն։ Լուրը մեկ փառատոնի բացման մասին է, մեկ էլ՝ որ Փաշինյանն ընդունել է մի քանի մասնակիցների։ Սպորտային նորություններ էլ կտեսնի, բայց դրանք 22-րդ դարում, հաստատ, հնացած կլինեն արդեն։
Էսքանը կամ համարյա էսքանը կիմանա 22-րդ դարի ուսումնասիրողը։ Իսկ դասագրքերում գրված կլինի (նայած ովքեր կգրեն դրանք) կա՛մ այն մասին, թե Նիկոլը ծախում էր Հայաստանը, կա՛մ այն մասին, թե Նիկոլը խաղաղություն հաստատելու եւ զբոսաշրջությունը զարգացնելու աննախադեպ քայլեր էր անում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։