Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվող նավթի մոտավորապես 90%-ն ադրբեջանական է:
Նախարարի տվյալներով՝ համակարգի լիարժեք շահագործման 16 տարվա ընթացքում խողովակաշարով, ընդհանուր առմամբ, փոխադրվել է 518 միլիոն տոննա նավթ, որից 463 միլիոն տոննան ադրբեջանական նավթն է։
2022 թվականի հունվար-մարտին նավթատարներով փոխադրվել է 8 միլիոն 642 հազար 500 տոննա նավթ։
«Ազերթաջ» գործակալությանը Պետական վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ երկրի հումքի 77,2%-ը տեղափոխվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանման նավթամուղով։ Հունվար-մարտին այս խողովակաշարով փոխադրվել են 6 միլիոն 675 հազար տոննա ադրբեջանական նավթ եւ 1 միլիոն 201 հազար 700 տոննա տարանցիկ նավթ։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր է, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանով, 249 կիլոմետրը՝ Վրաստանով, 1076 կիլոմետրը՝ Թուրքիայով։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շինարարությունը սկսվել է 2003-ի ապրիլին, իսկ նավթի փոխադրումը` 2005–ի մայիսի 18-ին։ Խողովակաշարը շահագործման է հանձնվել 2006-ի հուլիսի 13-ին։