Այս օրերին Հայաստանի բանկերում, հատկապես «Արդշինբանկում», «Հայբիզնեսբանկում» եւ «ՎՏԲ Հայաստան բանկում» կարելի է հանդիպել բարկացած, նոր մարտահրավերների դեմ ընդվզող տարեց թոշակառուների։ Հուլիսի 1-ից մեկնարկել է գործող իշխանությունների եւս մեկ նախաձեռնություն՝ հետվճարի համակարգը, որի համաձայն՝ կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացին եթե առեւտուր անի քարտով, յուրաքանչյուր ամիս կստանա ծախսած գումարի 10 տոկոսը։ Բայց ոչ ավելին, քան 5000 դրամը։
Հաջորդ ամիս բանկը, համագործակցելով աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ, կհաշվարկի հետվճարի չափը եւ այն կուղղի նրա քարտային հաշվին։ Ընդ որում թոշակառուն կստանա նաեւ ծախսած հետվճարի 10 տոկոսը։ Օրինակ, եթե մեկը ստանում է 45 հազար դրամ թոշակ եւ այն ծախսում, հաջորդ ամսվա թոշակի հետ կստանա դրա 10 տոկոսը՝ 4500 դրամը։ Դա էլ ծախսելու դեպքում արդեն հաջորդ ամիս կստանա լրացուցիչ 450 դրամ։ Արդյունքում թոշակառուն կստանա 49․950 դրամ։ Վերադարձվող գումարի 5 տոկոսը կվճարի պետությունը, 5 տոկոսն էլ՝ այն բանկը, որի միջոցով թոշակառուն ստանում ու ծախսում է իր թոշակը։
Հետվճարային այդ համակարգին ցանկացել են միանալ միայն «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը» եւ «ՎՏԲ Հայաստան բանկն» այն դեպքում, երբ կենսաթոշակային քարտեր սպասարկում են Հայաստանի 12 բանկերը։ Այս օրերին թոշակառուներն իրենց կենսաթոշակային հաշիվները տեղափոխում են այդ բանկեր, որ օգտվեն հետվճարի համակարգից։ Բայց նրանք նախ պետք է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմում գրեն եւ ընտրեն իրենց բանկը։
Արդյունքում այդ ծառայության եւ երեք բանկերի մասնաճյուղերում ստեղծվել է խառնաշփոթ, հերթեր գոյացել։ «Հայբիզնեսբանկի» երեւանյան մասնաճյուղերից մեկում ականատես եղանք նման մի իրավիճակի. թոշակառուն պարզել էր, որ իր կենսաթոշակային հաշիվը չի տեղափոխվել այդ բանկ, թեեւ ինքն արդեն դիմումը գրել էր։ Բանկի աշխատակիցը նրան հորդորում էր նորից դիմել սոցիալական ծառայության գրասենյակ։ «Այնտեղից եմ գալիս, աղջի՛կ ջան, այնտեղից են ինձ բանկ ուղարկել։ Հիմա ի՞նչ անեմ, Աստծո՞ մոտ գնամ»,- բարկացած դուրս եկավ թոշակառուն։
Թոշակառուներից շատերն առանց այդ էլ տեխնիկական միջոցներից օգտվելու հմտություն չունեն եւ հետվճարային համակարգի ներդրման պատճառով բախվել են լրացուցիչ խոչընդոտների։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ նման դեպքերի ականատես է եղել եւ ասում է՝ փորձել է նրանց օգնել, խնդիրը պարզաբանել։ Բայց նաեւ հասկացել է, որ պատկան մարմինները, այդ համակարգը ներդնելով եւ թոշակառուներին գայթակղելով, թե 10 տոկոսով բարձրացնում ենք թոշակը, գոնե համայնքների մակարդակով նրանց հետ նախապատրաստական աշխատանք պետք է կատարեին։ Նաեւ չեն հետեւել, որ առեւտրի օբյեկտները, հատկապես փոքր քաղաքների եւ գյուղերի խանութներն ու դեղատները, որոնք տարեցների փող ծախսելու հիմնական վայրերն են, ձեռք բերեն քարտերով գնումներ անելու տերմինալները։
«Ավելին՝ տնտեսվարող սուբյեկտների մի մասը շատ փոքր շրջանառություն ունի եւ չունի այդ սարքը ձեռք բերելու, դրա ամենամսյա սպասարկման համար վճարելու հնարավորություն։ Բացի այդ՝ անկանխիկ գնումների համար բանկերը տնտեսվարողներից բարձր՝ 2-3 տոկոս միջնորդավճար են պահում, իսկ դա ոչ թե նրանց, այլ շարքային գնորդի, այս համակարգից օգտվելու դեպքում՝ թոշակառուի գրպանից է գնալու։ Այս խնդիրները սուր են հատկապես գյուղական բնակավայրերում, եւ ստացվում է՝ որտեղ աղքատությունը բարձր է, այդ համակարգից օգտվելու քիչ հնարավորություն ունեն»,- ասում է պատգամավորը։
Իշխանություններն, իհարկե, այս համակարգը ներդրել են ոչ միայն թոշակները 10 տոկոսով բարձրացնելու, այլեւ կանխիկ դրամաշրջանառությունը եւ ստվերային շրջանառությունը նվազեցնելու համար։ Բայց դա անելուց առաջ նախապատրաստական բավարար աշխատանք չեն արել։ Անգամ բավարար իրազեկում չի արվել, որ գոնե բոլոր թոշակառուները դրան տեղյակ լինեն։ Հատկապես գյուղական համայնքների թոշակառուները ոչ միայն չեն լսել, այլեւ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է քարտով առեւտուր անեն, ստուգեն հաշիվն ու հասկանան՝ 10 տոկոսը վերադարձվե՞լ է։
Նրանք նաեւ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է վիճեն իրենց գյուղի խանութպանի հետ, որ վճարումները քարտով ընդունի։ Իհարկե, պետությունը սպառնում է խոշոր տուգանք վերցնել տերմինալ չունեցող խանութից, բայց արդյո՞ք այդ սարքի առկայությունը երաշխիք է, որ մարդիկ քարտով գնումներ կանեն։ Անգամ Երեւանում փոքր խանութները երբեմն խնդիր են ստեղծում՝ պատճառաբանելով, որ սարքը հենց նոր փչացավ, որ կներեք, իրենք չեն կարող դրանից օգտվել եւ այլն։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը համաձայն է, որ նոր համակարգի գործարկման համար ամեն ինչ արված չէ, բայց, ասում է, գործընթացը պետք է մի օր սկսվեր։ «Ես դժվար եմ պատկերացնում նախապատրաստական աշխատանքն առանց գործընթացը սկսելու եւ հընթացս խնդիրները լուծելու։ Միեւնույնն է, երբ էլ սկսվեր, այդ խնդիրներն առաջ էին գալու»,- ասում է նա։
Հայաստանի շուրջ 550 հազար թոշակառուներից 400 հազարը քարտային եղանակով է ստանում իր կենսաթոշակը։ Գյուղաբնակ թոշակառուների թիվը շուրջ 200 հազար է, որից 100 հազարն է քարտով ստանում։ Իսկ թե քարտ ունեցող թոշակառուներից քանիսն են անկանխիկ առեւտուր անում, առայժմ վիճակագրություն չի ներկայացվում։ Գրեթե ամեն օր կարելի է հանդիպել դեպքերի, երբ տարեց թոշակառուն բանկում մոտենում է մեկին ու խնդրում բանկոմատից հանել իր ամբողջ թոշակը, որ կանխիկ գումարով առեւտուր անի։ Ամեն դեպքում մեկ-երկու ամիս հետո հասկանալի կդառնա, թե քանի թոշակառու է կարողացել օգտվել 10 տոկոսի վերադարձի ծրագրից, ու արդյունքում որքան գումար է հատկացվել նրանց թոշակների «բարձրացմանը»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։