Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ «Երուսաղեմի հռչակագիրը» սպառնալիք է Մերձավոր Արեւելքի համար:
«Բայդենի եւ Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է ԱՄՆ-ի անհողդողդ եւ վճռական հանձնառությունը՝ պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանցությունը: Թիրախը ոչ միայն Իրանն է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»,- ընդգծել է Քանանին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահների ուղեւորությունում «առաջին կանգառն» Իսրայելի կառավարությունն է, իսկ առաջնային նպատակը՝ նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության:
«Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- շեշտել է Քանանին:
Իրանի Զինված ուժերն իրենց հերթին ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքներից։
Մասնավորապես, Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեքարջին հայտարարել է. «Ամերիկացիներն ու սիոնիստները շատ լավ գիտեն այն գինը, որ կվճարեն «Իրանի դեմ ուժի կիրառում» բառակապակցության համար։ Բայդենը երեւի քնկոտ վիճակում էր, երբ սպառնում էր Իրանին»:
Հուլիսի 14-ին Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: «Երուսաղեմի հռչակագրով» ԱՄՆ-ը, մասնավորապես, պարտավորվում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։