Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հրաժարվել է վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականն ընդունելուց։ Իտալական կառավարության ղեկավարը պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել էր հինգշաբթի ուշ երեկոյան՝ Սենատում անցկացված քվեարկությունից հետո։
Իշխող կոալիցիայի մաս կազմող «Հինգ աստղ» շարժումը հրաժարվել էր կառավարության ներկայացրած հակաճգնաժամային փաթեթի քվեարկությանը մասնակցելուց։ Փաթեթով նախատեսվում էր շուրջ 23 միլիարդ եվրո տրամադրել գնաճի հետեւանքով տուժած իտալական ընկերություններին եւ շարքային քաղաքացիներին։
Իտալիայի նախագահը, հրաժարվելով Դրագիի կառավարության հրաժարականը ընդունելուց, հորդորել է նրան մեկ անգամ եւս դիմել խորհրդարանին՝ քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի ընդհանուր պատկերն ավելի ըմբռնելի դարձնելու համար։
Հրաժարականի մտադրության մասին հայտարարած վարչապետն իտալացի խորհրդարանականներին, ամենայն հավանականությամբ, կդիմի հաջորդ չորեքշաբթի։