ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Սա Միրզոյանի եւ Բայրամովի առաջին հանդիպումն էր։
Վրաստանի արտգործնախարարը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ հպարտ է Թբիլիսին տեսնել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Բայրամովի եւ Միրզոյանի հանդիպման վայր։ Դարչիաշվիլին հույս է հատնել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերն արդյունք կտան։
Հաղորդագրության մեջ խոսք չկար պաշտոնական Երեւանի նախկին պնդումների մասին
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Արտգործնախարարները քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հասնելու ճանապարհին կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
Հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ խոսք չկար պաշտոնական Երեւանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Արարատ Միրզոյանը, սակայն, շեշտել է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման համար կարեւոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռեւս պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։ Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:
Ջանքերը պետք է ուղղվեն կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն:
«Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտգործնախարարն, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է նաեւ «մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարեւորությունը»։
Շուրջ 3 ժամ տեւած հանդիպումից հետո Երեւանը եւ Բաքուն որեւէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդում։
Ընդգծվել է խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը
Հայաստանի արտգործնախարար Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-վրացական հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին: Միրզոյանն ու Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:
Տոյվո Կլաարը ողջունել է բանակցություններ անցկացնելու որոշումը
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Թբիլիսիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը: Անդրադառնալով հուլիսի 15-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի եւ փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ իր հանդիպումներին՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը գնահատել են խաղաղ գործընթացի կարեւորությունը:
ԱՄՆ-ը եւս ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը ողջունել է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Թվիթերյան գրառման մեջ Բլինքենն Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը դրական քայլ է որակել: ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես նա նշել է, որ ուղիղ երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ եւ հուսալի ճանապարհն է: