2020-ի 44-օրյա պատերազմում վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները պատերազմից հետո նոր խնդիրների են բախվում: 37-ամյա Գագիկ Ստեփանյանը, որ պատերազմի օրերին եղել է Ջրականում եւ այնտեղ էլ վիրավորվել, այժմ թեեւ անաշխատունակ է, զրկվել է հաշմանդամության նպաստից:
Գագիկն ապրում է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում երկու անչափահաս երեխաների եւ կնոջ հետ: Նախքան պատերազմը յոթ տարի պայմանագով ծառայել է Վայքի զորամասում: Գագիկը վիրավորվել է հոկտեմբերի 13-ին: «Աչքիս առաջ մոտ 30 մարդ զոհվել է Բայրաքթարի հարվածներից, միայն ես եմ ողջ մնացել, չգիտեմ էլ՝ ոնց»,- հիշում է նա:
Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իշխանաձոր, այնտեղից էլ՝ Սիսիան: Վնասված ոտքի վիրակապը յոթ օրվա ընթացքում մեկ անգամ են փոխել, ինչի հետեւաքով գանգրենա է սկսվել: Տեղափոխել են Երեւան ու ստիպված են եղել ոտքի երկու մատներն անդամահատել: Տեւական ժամանակ Գագիկն անվասայլակից է օգտվել, այժմ հենակով է դժվարությամբ քայլում:
2021-ի մարտին զինծառայողը փորձաքննություն է անցել, ու հաստատվել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Համաձայն չի եղել կարգին, սակայն չի բողոքել: Պատերազմից մի քանի ամիս անց պետությունից ստացել է 500 հազար դրամ, 300 հազար դրամ էլ ստացել է հաշմանդամության կարգը հաստատվելուց հետո: Հաշմանդամության կարգի համար ամսական վճարումն էլ եղել է մոտ 63 հազար դրամ: Այդ գումարը, սակայն, ըստ Գագիկի, անգամ դեղորայք գնելուն չի բավականացնում: Ճանապարհածախսը թանկ է, հիվանդանոց գնալու համար մարզից Երեւան հասնելը՝ դժվար: Ստիպված է եղել նաեւ ավտոմեքենան վաճառել:
Նախկին զինծառայողն ասում է՝ որեւէ դեղորայք պետական աջակցությամբ չի ստացել, թեեւ խոստացել էին, որ անվճար է լինելու: Հետազոտությունների ընթացքում էլ պարզվել է, որ վիրահատության անհրաժեշտություն կա, բայց այս անգամ էլ պետպատվերի փաստաթուղթը ձեռք բերելն է դժվար եղել: «2-3 ամիս մի դռնից մյուսն եմ գնացել, որ ստանամ այդ փաստաթուղթը, բայց չի հաջողվել: Ամիսներ անց մի կերպ «Զինվորի տան» միջոցով եմ ստացել, բայց էլ պետք չէր: Հիվանդանոցում ասացին՝ արդեն ուշացրել եք, ոտքը բարակել է: Հիմա թուղթը կա, բայց անիմաստ է»:
2022-ի մարտի 25-ին, երբ լրացել է հաշմանդամության նպաստի ժամկետը, վերափորձաքննություն է անցկացվել, նորից հաշմանդամության 3-րդ կարգ է սահմանվել՝ հաշվի չառնելով մեկ տարվա ընթացքում առաջացած բարդությունները: Այս անգամ նախկին զինծառայողը որոշել է բողոքարկել, սակայն Երեւանում անցկացված վերափորձաքննության ընթացքում նրան ամբողջությամբ զրկել են հաշմանդամության կարգից:
«Ինձ ասացին՝ Ձեր կտրված մատները, պատերազմի մասնակից լինելը, նյարդը կտրված լինելը հիմք չեն, որ Ձեզ կարգ տանք, օրենքը թույլ չի տալիս: Երեւի օրենքն ասում է՝ եթե ոտքդ անդամահատված է, պետք է պարտադիր մի աչքդ էլ կույր լինի, որ քեզ կարգ տան: Հիմա չեմ հասկանում՝ պատերազմից գալիս աչքն էլ վնասեի՞նք, որ նորմալ լիներ: Թող ճանաչեն աշխատունակ, հենակով կաշխատեմ, այս ընտանիքը պահել է պետք»:
Գագիկի համար վիրավոր զինծառայողների նկատմամբ պետության այսպիսի վերաբերմունքն անսպասելի է եղել: «Պատերազմից փախչողները նույնիսկ այսպիսի վերաբերմունքի չարժանացան: Ո՞ր փախչողին դատեցին, ի՞նչ արեցին: Որտեղ դիմում ենք, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել: Ես կահույքագործ, քանդակագործ եմ, մինչեւ պատերազմը աշխատել եմ, ո՛չ մեկից 10 դրամ չեմ ուզել, հիմա եթե դիմում ենք, ուրեմն անհրաժեշտ է, չէ՞»:
Վայոց ձորի Գլաձոր համայնքից 32-ամյա Դավիթ Ավագյանը նույնպես նույն խնդրին է բախվել: Նա էլ է Ջրականում վիրավորվել, հոկտեմբերի 12-ին: Նախքան պատերազմն էլ մեկ տարի պայմանագրային զինծառայող է եղել: Արձանագրվել է աջ կոնքի բեկորային վնասվածք, գանգուղեղի տրավմա, աբսցես (օջախային թարախային բորբոքում), որը ներծծվել է, եւ կիստա է առաջացել: Նախկին զինծառայողը էպիլեպտիկ նոպաներ է ունենում:
Դավիթն այժմ կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ ապրում է վարձով: Երկրորդ կարգի հաշմանդամությունը հաստատվել է 2020-ի ավարտին, 5 մլն դրամ փոխհատուցում է ստացել եւ ամսական 150000 դրամ նպաստ՝ հաշմանդամության համար: 2022-ի մարտին՝ Եղեգնաձորում անցկացված վերափորձաքննության ժամանակ, հաստատել են արդեն 3-րդ կարգի հաշմանդամություն, ստացել է երկու ամսվա հասանելիք գումարը:
Նախկին զինծառայողը համաձայն չէ այդ որոշմանը, ասում է՝ մեկ տարվա ընթացքում խնդիրները միայն ավելացել են: Բողոքարկել է, եւ Երեւանում անցկացված փորձաքննության ընթացքում ամբողջապես զրկել են հաշմանդամության կարգից: «Ասում են՝ դու պատերազմի ընթացքում ձեռք ես բերել այդ հիվանդությունները, բայց դրանք հիմք չեն, որ ստանաս հաշմանդամության նպաստ: Ես չգիտեմ՝ ինչ են մտածում: Ինչպե՞ս եղավ, որ երկրորդ կարգը հաստատել էին, հետո, առանց խնդիրները լուծվելու, ընդհանրապես զրկեցին: Ցանկացածն էլ կդժգոհեր այդ վերաբերմունքից: Մենք ամեն տեղ դիմել ենք, փորձել ենք նաեւ մարզպետի հետ հանդիպել, ասել են՝ կկազմակերպենք հանդիպում, դրանով սահմանափակվել են, մինչեւ հիմա չի եղել հանդիպում»,- ասում է Դավիթը:
Վիրավոր զինծառայողներն իրենց դժգոհությունները ներկայացրել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Պատասխանը կլինի մեկ ամսվա ընթացքում. ժամկետը սպառվում է այս ամսվա վերջում:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: