Հայաստանի ոսկի-մետաղային ամենախոշոր հանքավայրերից մեկը Արմանիսինն է, որի շահագործումը «Գլոբալ Մեթըլզ» ընկերությունն ի դեմս «Սագամար» ՓԲԸ-ի սկսել էր 2011 թվականին եւ դադարեցրել 2015-ի ամռանը։ Հիմա ոսկու չգործող հանքի սեփականատերերը հետաքրքրված են Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին եւ Սեւ գետերի ավազանով եւ ուզում են երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել։
Հանքերեւակման նոր տարածքը 137,3 քառակուսի կիլոմետր է եւ ընդգրկում է վեց բնակավայրերի՝ Ստեփանավանի, Ուրասարի, Պուշկինոյի, Արջուտի, Նոր Խաչակապի եւ Արեւաշողի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։ Այս բնակավայրերում հուլիսի 11-ին նշանակված էին հանրային լսումներ։
Աշխատանք ունենալու եւ մաքուր միջավայրում ապրելու արանքում
Ուրասար գյուղի վարչական շենքում անցկացվող հանրային լսմանը երեսունից ավելի մարդ կար։ Նրանց մեծ մասը «Սագամար» ընկերության աշխատակիցներն էին, նաեւ՝ լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ Ուրասարից՝ մոտ տասը մարդ։
Ներկայացվեց «Սագամար» ՓԲԸ-ի նախատեսվող գործունեությունը՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությամբ։ Ընկերության մասնագետ Տարոն Նավասարդյանն ասաց՝ երկրաբանահետախուզական աշխատանքների փուլում ՝ 2022-2025 թվականների ընթացքում, քառասունհինգ հորատանցք են բացելու, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկելու է 3×4 մետր տարածք։ Կատարելու են նաեւ ուսումնասիրություն՝ հորատման համար նախանշված հրապարակներում կենսաբազմազանության եւ հնագիտական արժեքների վրա ազդեցությունից խուսափելու նպատակով։
«Ամենամոտ հորատանցքը գյուղի ամենամոտ տնից հազար մետր հեռավորության վրա է լինելու։ Անտառահատում չի նախատեսվում: Անտառածածկ տարածքներում հորատման հրապարակները կնախատեսվեն արդեն բացատային հատվածներում»,- նշեց Նավասարդյանը։
Քննարկմանը ներկա գյուղացիներից մեկ-երկուսը թեպետ խոսեցին մաքուր բնության մեջ ապրելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու կարեւորությունից, ուրասարցիների ընդհանուր մոտեցումը հետեւյալն էր՝ ի՞նչ է ստանալու գյուղը հանքային նոր տարածքների շահագործման դիմաց։ Աշխատատեղերից բացի նրանք ակնկալում են, որ հանքարդյունաբերող ընկերությունը լուծի խմելու ջրի ավազանների մաքրության, գյուղ տանող ճանապարհի նորոգման եւ այլ մեծ ու փոքր խնդիրներ։
«Ինչքան էլ նորմերը պահպանեք, մեկ ա՝ բնությունը փչացնելու եք։ Ձեր հանքով մի քանի հոգի ա հարստանալու, կարող ա մի քանի գյուղացի էլ աշխատի։ Հանքն արդեն կա, արդեն ավերած ա, ես կողմ եմ, որ աշխատի։ Բայց նոր տարածքների մասով մեր օգուտը ո՞րն ա»,- հանքի նախկին աշխատակից, այժմ Ուրասարի վարչական ղեկավար Գեւորգ Մանուկյանի հարցադրումն էր։
Խոստումներ, իհարկե, հնչեցին։ Մասնավորապես նշվեց սուբվենցիոն ծրագրերին մասնակցությանն օժանդակելը, ինչն, ըստ «Սագամար»-ի ներկայացուցչի, համայնքներում «ամենաաշխատող տարբերակներից է»։
«Պետք ա վստահ լինենք, որ գյուղի բնակիչներին ոչ մի վնաս չի հասցվի։ Պետք ա երաշխավորեք, որ գյուղը ջրով կապահովվի, ֆլորան, ֆաունան, դաշտերը չեք փչացնի։ Ու եթե սկսեք հետախուզումը եւ զգաք, որ վնասակար ա, դադարեցնեք աշխատանքը։ Եթե չդադարեցնեք, մենք դա կանենք»,- ասաց Ուրասարի բնակիչ Արթուր Դավթյանը։
Մինչեւ նոր տարածքների ուսումնասիրության թույլտվություն ստանալը «Սագամար» ընկերությունն ուզում է առկա ռեսուրսներով վերսկսել գործունեությունը, այս մասին «Ալիք Մեդիա»-ին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Մորոզովը։
«Սագամարը ծավալների մշակման տասը տարվա պայմանագիր ունի, բայց կուզեինք դրանով չսահմանափակվեր ամեն ինչ։ Հիմա վաթսուն մարդ է աշխատում։ Վերագործարկումից հետո ամբողջ ծավալով աշխատելու դեպքում այդ թիվը կդառնա 420»,- նշեց ընկերության նոր տնօրենը։
Հանրային լսմանը ներկա «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը «Սագամար»-ի գլխավոր տնօրենին եւ մյուս ներկայացուցիչներին հորդորեց չանտեսել Ստեփանավանի եւ Ալավերդու տարածաշրջաններում «Առնիկա» չեխական կազմակերպության նախորդ տարվա հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ մարդկանց օրգանիզմում եւ հողում խիստ բարձր է ծանր մետաղների՝ մկնդեղի, քրոմի, կապարի, ցինկի, մոլիբդենի պարունակությունը։ Իսկ գյուղացիներին խնդրեց ուշադրություն դարձնել հետախուզվող տարածքների նշանակությանը (արոտավայրեր, ջրային ռեսուրսների առկայություն եւ այլն)։
Բայց աղտոտված տարածքում ապրելուն հարմարված ուրասարցիներն աշխատանք են ուզում, որ չգնան արտագնա աշխատանքի, ու գյուղը չդատարկվի։ Միաժամանակ հանքարդյունահանող ընկերությունից պահանջում են անհնարինը՝ հանք բացել առանց բնությանն ու մարդկանց վնասելու։
Ստեփանավանը հանքի համար հող չունի
Ստեփանավանում նախատեսված հանրային լսումը չկայացավ:
Մինչ «Սագամար» ընկերության ներկայացուցիչները քարտեզի վրա երկրաբանական ուսումնասիրության տարածքներն էին մատնանշում, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, ճարտարապետ Սամվել Ֆրանգյանը հայտարարեց՝ դրանք Ստեփանավանի հողերը չեն։
«Սա Ստեփանավան բնակավայրի հողային հաշվեկշիռն է, որի մեջ պետական սեփականության հողը զրո է, այսինքն՝ մեր բնակավայրը հող չունի։ Նույնը կհաստատի մարզպետարանը։ Ուրասարն ունի հողեր, որոնք մեր վարչական տարածքում են, բայց Ստեփանավանը չունի»,- պարզաբանեց ճարտարապետը։
Չնայած այս հանգամանքին՝ «Սագամար» ընկերության ներկայացուցիչներն ուզում էին ամեն գնով հանրային լսում անցկացնել՝ «իրազեկելու բնակիչներին նախատեսվող գործունեության մասին»։ Համայնքապետարանը չհամաձայնեց։ Ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ Կադաստրի պետական կոմիտեում ճշտումներ անելուց հետո կվերադառնան։
Պուշկինոյում «հողի կռիվ» է
Գյուլագարակ միավորված համայնքի Պուշկինո բնակավայրում նույնպես հանրային լսման մասնակիցների մեծ մասը «Սագամար»-ի՝ Արմանիսից եկած աշխատակիցներն էին։ Պուշկինոյի փոքրաթիվ բնակիչները հիմնականում գյուղի վարչական շենքի բակում եւ միջանցքում էին խմբված։ Հերթով մտնում, ստորագրում էին մասնակցության թերթիկը եւ դուրս գալիս։ Երբ բանախոսներն արդեն ներկայացրել էին իրենց գործունեության ծրագիրը, Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը գյուղացիներին վրդովված ներս հրավիրեց։
«Գեղի ժողովուրդը պետք ա ասի։ Հիմի թող գան Պուշկինոյի բնակիչները, ասեն՝ համաձայն են, համաձայն չեն, թե չէ բնապահպանները խոսեցին, լրագրողները խոսեցին, ես խոսեցի, դուք խոսեցիք։ Գեղացիք ոչ մեկը չի մասնակցում»,- ասաց Վարդանյանն ու դիմեց ներս եկած գյուղացիներին՝ դուք եք էստեղ ապրողը, հարցե՛ր տվեք։
Բան չփոխվեց։ Երիտասարդ գյուղացիներից միայն մեկը հետաքրքրվեց՝ վնասակար ի՞նչ ազդեցություն է լինելու, եւ ի՞նչ է արվելու գյուղի համար։ Ասաց նաեւ, որ մաքուր օդն ու առողջությունը ամեն ինչից կարեւոր են համարում։
Արմանիսի բնակիչ, «Սագամար» ընկերության տասներկու տարվա աշխատակից Նազիկ Հովհաննիսյանը, որ ընկերության աշխատողների հետ գյուղից գյուղ էր գնում, հարկ համարեց ներկաներին ասել, որ իրենց գյուղի կեսը դատարկվել է, գյուղացի չի մնացել, որ հող մշակի։ Օլեգ Դուլգարյանը հակադարձեց՝ Արմանիսի հողերն աղտոտված են, եւ դրանց մեծ մասը պատկանում է «Սագամար» ՓԲԸ-ին։
Գյուլագարակի համայնքապետն էլ հորդորեց ճիշտ դիտարկել խնդիրը․ Պուշկինոյում պատկերն այլ է։
«Էսօր մեր յոթ գյուղերում հողի խնդիր ա։ Արոտավայրերը, խոտհարքները չեն բավականացնում։ Ամեն օր հողի կռիվ ա, ամեն օր չափագրողի ենք բերում, ամեն մի մետր հողի համար կռիվ են անում գյուղացիք»,- ասաց Վարդանյանը։
Արջուտում նոր խնդիրներ չեն ուզում
Բազմաբնակավայր Փամբակի Արջուտ գյուղում մի հանքավայր արդեն ունեն, երկրորդը չեն ուզում։ Գումարած գյուղի համար էկոլոգիական մեծ խնդիր դարձած Վանաձորի աղբավայրը, որ Արջուտի վարչական տարածքում է։
Հանքն այստեղ մարդկանց առողջությունն ու գյուղի ճանապարհն է շարքից հանում, աղբավայրի պատճառով էլ վաղուց զրկված են գյուղի մաքուր, կենարար օդից։
«Իմ ուժը ինչքան պատի, չեմ թողնելու նոր հանք բացեն։ Հենց հիմա պլանավորած պայքարի ծրագիր չկա, բայց եթե հարցը հասնի դրան, որ պիտի գեղը կանգնի, կպայքարենք։ Հանքի տված աշխատատեղն ինչ ա, ես դա չեմ հասկանում։ Գյուղում ցանկացած մարդ, եթե ուզենա աշխատի, հնարավոր չի, որ իր համար աշխատանք չստեղծի»,- ասաց Արջուտի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը։
Վարչական ղեկավար Վարդան Մկրտչյանը հարցին վերապահումով է մոտենում։ Ասաց՝ ընդհանրապես ոչ մի հանքի կողմնակից չէ, բայց «երկրի վիճակից ելնելով՝ ինչ-որ տեղ կարելի է մտածված զիջումների գնալ, որ երկիրը հարստանա, զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ մարդավարի ապրեն»։
«Սագամար»-ի կազմակերպած հանրային լսումների վերջին երկու բնակավայրերը Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ եւ Արեւաշող գյուղերն էին։ Ընթացքում պարզվեց, որ Արեւաշողը հանվել է ցանկից։
Իսկ Նոր Խաչակապում լսում չկայացավ․ գյուղից միայն վարչական ղեկավարն էր ներկա։ Գյուղացիներին մոտ մեկ ժամ սպասեցին, զանգեցին, ոչ ոք չեկավ։
«Գյուղի աշխատանքների, հնձի ակտիվ շրջան է, գործը չեն թողնի, այստեղ գան»,- ասաց վարչական ղեկավարը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։