Ըստ Հայաստանի ԱԳՆ լրատվականի հաղորդագրության՝ հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:
Միրզոյանը եւ Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահող երկրների դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։