Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց եւ կանանց հավաքականները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնության դիվիզիոններում, որոնցում հանդես էին գալիս:
Հայաստանի կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:
Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցել են Հայաստանի եւ Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվել է Կիպրոսին եւ դարձել դիվիզիոնի փոխչեմպիոն:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը 18 միավոր վաստակած Սեդա Գաբրիելյանն էր:
Մինչեւ 16 տարեկանների տղամարդկանց հավաքականը եւս դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում ընթացող առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցել են Հայաստանի եւ Անդորրայի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 65:84 հաշվով պարտվել է Անդորրային եւ դարձել առաջնության փոխչեմպիոն:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը 18 միավոր վաստակած Գրեգորի Գույուջյանն էր:
Բասկետբոլի տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող` MVP է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Գրեգորի Մողոյանը: