2008 թվականի մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային ժողովում չորս պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին, «որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու…» վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Ազգային ժողովը, բնականաբար, բավարարեց միջնորդությունը։ Գիտե՞ք՝ ինչ պատճառաբանեց Հովսեփյանը՝ «նրանք առ այսօր հրաժարվում են որեւէ ցուցմունք տալուց»։ Սա ասում էր իրավաբանը, որը պիտի իմանար իր եւ իր մերձավորների դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու՝ մարդու սահմանադրական իրավունքը։
Ճակատագրի հեգնանքով կամ բերումով այսօր նույն Աղվան Հովսեփյանը նախնական կալանքի տակ է։
Ես չեմ չարախնդում։ Ավելին՝ ես համարում եմ, որ Աղվան Հովսեփյանին վերագրվող արարքի դեպքում բնավ պարտադիր չէ նրան պահել կալանքի տակ։ Ի տարբերություն շատերի՝ ես կողմնակիցը չեմ այն մտայնության, թե «տեղն ա, բա լա՞վ էր, որ ինքն էլ…»։ Նման կերպ մտածելն ու գործելը երբեք առաջընթաց (այն էլ դատական համակարգում) չեն կարող ապահովել։
Ինչպես որ այն ժամանակ էի համարում, որ չի կարելի Մյասնիկին, Սասունին, Հակոբին ու Խաչատուրին, էլի շատ մարդկանց նախնական կալանքի տակ պահել, հիմա էլ նույնը. չի կարելի Աղվան Հովսեփյանին, Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մանթաշյանին պահել նախնական կալանքի տակ։ Որովհետեւ դա նշանակում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանությունը նախնական կալանքն իբրեւ պատժի ձեւ է կիրառում։
Եվ, իհարկե, չէր կարելի Արմեն Գրիգորյանին պահել կալանքի տակ։
Արմեն Գրիգորյանի եւ մյուսների դեպքում (բացի Աղվան Հովսեփյանից) կալանքի որոշումը կայացրել է նույն դատավորը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որը դատավոր է նշանակվել նոր իշխանությունների օրոք։ Այդ փաստը հատուկ եմ շեշտում։ Որովհետեւ սա գալիս է ապացուցելու, որ սին են դատական համակարգը բարեփոխելու իշխանությունների եւ հատկապես վարչապետի նկարին նայելուց «ազնվության պոռթկումներ» ունեցող նախարարի պնդումները։
Սին են, որովհետեւ այդ «բարեփոխումները» մի նպատակ ունեն միայն. դարձյալ ստեղծել իշխանություններից կախյալ դատարաններ, համակարգը համալրել այնպիսի դատավորներով, որոնք հլու-հնազանդ կկատարեն օրվա իշխանությունների պատվերները։ Այսինքն՝ պատվեր տալու կարիք էլ չի լինի։ Նրանք՝ այդ դատավորները, լավ գիտեն քաղաքական նպատակահարմարությունը եւ արդեն իսկ գործում են ըստ այդմ։
Ապացո՞ւյց։ Խնդրեմ՝ կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խոսքերը Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ։ Նա ցավում է մարդու մահվան համար, բայց այդտեղ իր մեղքը չի տեսնում։ Ավելին՝ համարում է, որ գործել է օրենքի տառին համապատասխան։
Այս տիկնոջը միայն մի բան կարող ենք ասել. այո՛, մեղսագրվող արարքի համար կա՛ կալանքն իբրեւ խափանման միջոց։ Բայց չէ՞ որ կա նաեւ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ կիրառելու հնարավորություն։ Այո՛, դուք առաջնորդվել եք օրենքով, բայց ոչ բանականությամբ, տիկի՛ն, որովհետեւ բանականությամբ ու զուտ մարդկային խղճով առաջնորդվելու դեպքում կտեսնեիք նաեւ օրենքի տված այլ հնարավորությունները եւս եւ կկիրառեիք, ասենք, գրավը, որովհետեւ Գրիգորյանին մեղսագրվող արարքները հեչ կալանքի չէին։
Իսկ հիմա մարդը մահացել է։ Դատարանի դահլիճում։ Եվ ինքան էլ չքմեղանաք, այդ մահը ձեր խղճի վրա է նաեւ։ Եվ ոչ միայն ձեր, այլեւ պետական ողջ համակարգի։ Քանզի կասկածում եմ, թե օրենքներով կաղապարված ձեր ու ձեր նմանների միտքը կարող է ընկալել ասածիս իմաստը, ուստի բացատրեմ։
Ասում եք՝ «Ինչ վերաբերում է կալանքի օրինականությանը եւ հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որեւէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որեւէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որեւէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»։
Հարգելի՛ տիկին, կալանքի դեպքում կալանավորի առողջական վիճակի պատասխանատուն պետությունն է՝ անկախ նրանից՝ անձը բողոքում է, բողոքել է առողջության խնդիրներից, տեղեկանք ներկայացրել է, թե ոչ։ Այսինքն՝ կալանքի դեպքում նրա առողջության համար պատասխանատու եք դուք, քննիչները, քրեակատարողական հաստատությունը եւ այլն։
Եթե դուք խափանման միջոց ընտրած լինեիք գրավը կամ ստորագրությունը չհեռանալու մասին, ապա առողջության համար պատասխանատուն կլինեին անձն ու նրա ընտանիքը։
Հասկացա՞ք։ Տեսա՞ք ձեր մեղքը։
Կասկածում եմ։ Նույն կերպ փաշինյական իշխանության ներկայացուցիչներն էլ այստեղ իրենց մեղքը չեն տեսնելու։ Ինչպես իրենց մեղքը չտեսան գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան մեջ։ Ինչպես չեն տեսնելու, երբ, աստված չանի, էլի մահեր լինեն ՔԿՀ-ներում նախնական կալանքը իբրեւ պատիժ կրողների շրջանում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։