Ինչո՞ւ իշխանությունն ընդդիմությանը չզրկեց խորհրդարանական մանդատներից։ Որովհետեւ դա հանգեցնելու էր քաղաքական, բայց ոչ սահմանադրական ճգնաժամի։ Խորհրդարանի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշումը սահմանադրական լուծում չունի, ԱԺ-ն սեփական լծակներ չունի ինքնուրույն դուրս գալու այս վիճակից, պիտի դիմի ՍԴ-ին, ու ՍԴ-ն ըստ էության կայացնի քաղաքական որոշում, որով էլ ճգնաժամը միայն կավելանա։
Բանն այն է, որ քաղաքական մեծամասնությունը ճիշտ է, երբ ասում է, որ ընդդիմությանը ժողովուրդը քվե է տվել, եւ ինքը չի կարող այդ քվեն ոչ եւս անել։ Բայց դա նշանակում է, որ ընդդիմությունը կարող է այդպես էլ խորհրդարան չվերադառնալ ու ոչ եւս անել իրեն քվե տված ընտրազանգվածի ձայները պետական կառավարման առումով։
Այսօր ժողովրդի մի հատվածն իսկապես դուրս է մղված պետական կառավարումից, որովհետեւ իր ունեցած կամ չունեցած ընդդիմությունը հենց նա է, որը հրաժարվել է ԱԺ աշխատանքներին մասնակցելուց։
Քաղաքական այս ճգնաժամի ակունքները Ընտրական օրենսգրքում են։ Հայաստանի նման փոքր երկրի խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական ուժը խորհրդարան պետք է անցնի ոչ թե առնվազն 5 տոկոս քվե հավաքելով, այլ ողջամիտ նվազագույն շեմով, ասենք՝ 2 տոկոս։ Որովհետեւ, դիցուք, «Պատիվ ունեմ»-ը 5 տոկոսը չէր հավաքել, բայց «Հայաստան» դաշինքից հետո հաջորդ քաղաքական ուժն էր, որը պետք է մտներ խորհրդարան ոչ բավարար քվեներով, որպեսզի ապահովեր Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը, ըստ որի՝ «մյուս կուսակցությունները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ (ԼՄ), որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս»:
Հիմա եթե իշխանությունն ընդունում է, որ կա խորհրդարանական ճգնաժամ, ու գնում է ընտրությունների, դա ընդդիմության ձեռքին դառնում է լծակ՝ անընդհատ ստեղծելու նման ճգնաժամեր։ Որպեսզի իշխանությունը խուսափի այդպիսի ճգնաժամերից, պիտի հրաժարվի կայուն մեծամասնության դրույթից եւ իջեցնի խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։ Սա իր հերթին պատճառ կդառնա, որ իշխանությունն ավելի հաճախ Հայաստանում ձեւավորվի կոալիցիոն սկզբունքով, որն իր հերթին կարող է մեկ այլ ճգնաժամի պատճառ դառնալ, հենց որ այդ կոալիցիաները փլուզվեն։
Սերժ Սարգսյանին կայուն մեծամասնության դրույթը պետք էր, որպեսզի ընդդիմությունը որքան էլ գնա քաղաքական ճգնաժամերի ճանապարհով, սահմանադրական ճգնաժամերի պատճառ չդառնա։ Որովհետեւ նա հույս ուներ պարզապես Սահմանադրություն փոխելով պահպանել իշխանությունը, որը, ինքն էլ գիտեր, լեգիտիմ չի լինելու։ Բայց այսօր ե՛ւ իշխանությունն է լեգիտիմ, ե՛ւ ընդդիմությունը։ Հետեւաբար լեգիտիմ է նաեւ ճգնաժամը։ Ուստի Քաղաքացիական պայմանագիրն ուզի-չուզի պետք է փոխի Ընտրական օրենսգիրքը, եթե մտադիր չէ անցնել կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: