Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Հատիս լեռան ստորոտում Հիսուսի արձանի տեղադրման, հարակից տարածքում այլ օբյեկտների շինաշխատանքների դեմ հայտարարությամբ: Մասնավորապես նշվում է, որ 2022-ի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարությունը Գագիկ Ծառուկյանին նախնական հավանություն է տվել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Նախագծի հեղինակն ու ՀՀ Կառավարությունը նշել են, թե Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Ըստ հայտարարության՝ հետաքննող լրագրողների օրերս իրականացրած ուսումնասիրությունից էլ պարզ է դարձել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ տարածքը անմիջապես Հատիս լեռան գագաթին է։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
Լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում, լեռան ճանապարհին արդեն դարպասներ են տեղադրվել
2022-ի հուլիսի 14-ին հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում։ Ըստ տեղեկության՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Հատիս լեռան ճանապարհին արդեն իսկ տեղադրվել են դարպասներ, որոնք թույլ չեն տալիս կողմնակի անձանց հատել դարպասներն ու բարձրանալ լեռը։
Ըստ ՀՀ համապատասխան օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական եւ այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում եւ լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:
2008-ից ի վեր Հատիսը ճանաչված է որպես բնության հուշարձան:
Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման եւ նշված տարածքների օտարման առնչությամբ ակնհայտ են առնվազն հետեւյալ խնդիրները.
– Հանրային նշանակության եւ մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը լի է կոռուպցիոն ռիսկերով եւ հերթական անգամ վեր է հանում ՀՀ իշխանությունների անհետեւողական, ոչ թափանցիկ գործունեությունը, ինչը մեծացնում է իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը։
– ՀՀ իշխանությունները, ի դեմս Կառավարության, խախտում են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության օրենսդրությունը։ Մինչդեռ Կառավարությունը առաջնային պատասխանատվություն է կրում հետեւել ՀՀ օրենսդրությանն ու հետեւողական լինել մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանը։
– ՀՀ իշխանությունները եւ արձանի կառուցման հեղինակները կոպտորեն խախտում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջները։
– Հանրային նշանակության եւ նման կարեւորության հարցի առնչությամբ ակնկալվում էր հանրային լսումների անցկացում, որն անտեսվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչդեռ նման լսումները կարող էին օբյեկտիվ քննության առարկա դարձնել ինչպես արձանի կառուցման նպատակային նշանակության եւ անհրաժեշտության, այնպես էլ անօրինական կերպով մշակութային հուշարձանը օտարելու հետ կապված մի շարք հարցեր։
Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, հարցի առնչությամբ տիրող հանրային բողոքն ու ակնհայտ անօրինականությունները.
Հասարակական կազմակերպությունները պահանջում են անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա եւ տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացում, չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման Կառավարության նախնական համաձայնությունը, անցկացնել հանրային լսումներ արձանի կառուցման նպատակային նշանակության եւ անհրաժեշտության վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, անցկացնել քննություն Հատիս լեռան գագաթի օտարման եւ սեփականաշնորհման օրինականության ստուգման նպատակով, ինչպես նաեւ ուսումնասիրել Հատիս լեռան վրա ապօրինի շինարարական աշխատանքների կատարումն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Հայտարարությանը միացել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն», «Ազատ քաղաքացի. քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն», ինչպես նաեւ «Հեռանկարային զարգացման կենտրոն», «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ները, Ինֆորմացիայի ազատության, Մեդիա նախաձեռնությունների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը եւ Հանրային լրագրության, ինչպես նաեւ Գորիսի եւ Երեւանի մամուլի ակումբները: