Երեւանը հուլիսի 10-18-ը հյուրընկալել էր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներին՝ 64 երկրների աշակերտական թիմերին, միջազգային դիտորդներին եւ ժյուրիի անդամներին:
Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական եւ գործնական: 250-ից ավելի երիտասարդներ այդ օրերին պայքարեցին մոլորակի լավագույն կենսաբաններ համարվելու համար։ Նրանք ոչ միայն պետք է պատասխանեին 100 տարաբնույթ հարցերի, այլեւ կատարեին գործնական աշխատանքներ կենդանաբանությունից, բուսաբանությունից, կենսաքիմիայից ու կենսաինֆորմատիկայից։
Բոլոր առաջադրանքներն ու հարցերը մշակելու եւ նախապատրաստելու համար հայկական թիմը աշխատել էր մեկ տարուց ավելի: Միջազգային ժյուրին հավանության էր տվել դրանց։
Հայաստանը կենսաբանության ուսուցման հարցում էական բացթողումներ ունի. ժյուրիի անդամ
Օլիմպիադայի արդյունքների մասին խոսելիս ժյուրիի անդամ կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը նշում է, որ Հայաստանը կենսաբանության ուսուցման հարցում էական բացթողումներ ունի, ինչի վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնել։
«Բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, ներկայացրել էին առավելագույնը 4 մասնակցի։ Եվ մեր երկիրն ունի ընդամենը մեկ բրոնզե մեդալ, իսկ Ռուսաստանը, որը հանդես էր գալիս Անկախ պատվիրակության դրոշի ներքո, ունի 4 ոսկե մեդալ՝ այդպիսով համարվելով մոլորակի ուժեղագույն թիմը»,- նշեց Պիպոյանը։
Դեռեւս օլիմպիադայի բացման առիթով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ միջազգային նման միջոցառումների անցկացումը դառնում է ՀՀ Կառավարության քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Նա շեշտել է, որ Հայաստանում կրթության զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին: «Անհրաժեշտ է ինտեգրել կրթական համակարգն ու կրթական գործընթացները միջազգային հարթակներում՝ զարգացման հեռանկարներ բացելու համար»,- ընդգծել էր փոխնախարարը:
Մասնակիցներն ու ժյուրիի անդամները ծանոթացել են նաեւ Հայաստանին, մասնակցել տարբեր մշակութային եւ ուսուցողական միջոցառումների՝ այցելելով Մատենադարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, բուհեր:
Հայաստանն օլիմպիադային մասնակցում է 2009-ից: Մինչ օրս օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:
2018-ին Թեհրանում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիան որոշել էր, որ 2022-ին Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։