Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի: Նա միաժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:
Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը տրամաբանական է համարել:
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ այս առումով որեւէ բան չի փոխվում, քանի որ նախկինում էլ Արցախի անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը:
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ին, իսկ հրադադարի հաստատումից հետո ՀՀ ԶՈւ այդ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան: Ըստ Գրիգորյանի՝ այդ գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի:
Խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում. Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտըուղարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց:
«ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, եւ խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։
Ոչ պայմանագրային, ոչ ժամկետային ՀՀ զինծառայողներ ԼՂ-ում չեն ծառայի
«Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»,-շեշտել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:
Գրիգորյանը հաստատել է, որ սեպտեմբերից հետո հայաստանյան ժամկետային զինծառայողներ ԼՂ-ում չեն լինելու:
«Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու»,-հավելել է Հայաստանի ԱԽ քարտուղարը: Նա ընդգծել է, որ Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ եւս չեն զորակոչվում:
«ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ»,-նշել է Գրիգորյանը հարցազրույցում: Հայաստանի ԱԽ քարտուղարը հավելել է, որ ըստ անհրաժեշտության՝ Լեռնային Ղարաբաղը տեղում կազմակերպում է պայմանագրային զինծառայողների ներգրավում: