Ինչ-որ բան գուցե շփոթում եմ, բայց այդպես է տպավորվել․ 1990-ի շոգ ամառն է, Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում՝ քաղաքական կրքերի փոթորիկ։ Նախասրահում օրվա մամուլի սեղանն է. պատգամավորներիս, կարծեմ, թերթերն անվճար էին տրամադրում։ Հայտնվում էին նաեւ գրքեր։ Դա արդեն բիզնես էր։ Գնում եմ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» հատորը։ Թերթում եմ սկզբից, նայում եմ վերջին էջերը։ Եվ բացահայտում, որ 1921-ի ապրիլին Երեւանից նահանջող՝ Փրկության կոմիտեի կառավարությունը պետական գանձարանը մինչեւ տղամարդու վերջին արծաթե գոտին մաքրում տանում է. նախ՝ Սյունիք, ապա՝ Պարսկաստան։
Հայրենիքը թողնում են բոլշեւիկներին, իսկ արեւմտահայ տասնյակ հազարավոր որբերին՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան նպաստամատույց ընկերության հոգածությանը։ Եվ հիշում եմ, թե վանեցի պապս ինչպես էր պատմում որբանոցային կյանքի այն օրերից, երբ տեսչական ստուգման էին գալիս ամերիկացիները։ Իրենք ուրախանում էին․ «Միստեր Յարո՝ քաղցր կաթ»։ Երբ ամերիկացիները գալիս էին, որբերը ստանում էին իրենց բաժին խտացրած կաթը։ Տարվա մյուս օրերին նրանք ուտում էին ոսպ, վարսակաձավարի անյուղ շիլա, երբեմն՝ ոսկրոտ մսով ինչ-որ ճաշ, որ անուն չունի, որբի կերակուր է։
Տարիներ հետո Վրացյանի գիրքը նորից կարդացի եւ հանդիպեցի Լեւոն Շանթի մի նամակի։ Ուրեմն այսպես․ անկախ Հայաստանի վարչապետը 1920-ի հուլիս-օգոստոսին հայ-ռուսական բանակցությունների հայկական պատվիրակության ղեկավարին հարցնում է, թե բոլշեւիկյան իշխանության բանագնաց Բորիս Լեգրանն ինչ էր առաջարկել, որ իրենք մերժեցին, նա էլ պատասխանում է մոտավորապես այս ոճով․ «Ա՛յ Սիմոն, ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտրում, ո՞վ էր Լեգրանին լսում։ Ականջներս Փարիզի վրա էր»։ Եվ անցնում է «բուն» խնդրին, թե ինչ եղավ իր Փարիզ տեղափոխվելու հարցը, Բեյրութում, ախր, դժվար է ապրել։ (Հետո, իհարկե, Բեյրութ կգնա նաեւ անկախ Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, Շանթի հետ նույն վարժարանում ուսուցիչ կաշխատի, բայց այդ նամակի շատ դիվանագիտորեն ձեւակերպված տեքստում, այնուամենայնիվ, միստիկ գրողը կարծես հարցնելիս լինի․ «Էն փողերից ինձ բաժին չկա՞»։)
Եվս մի քանի տարի հետո Գարեգին Նժդեհի մոտ կարդացի, որ Սիմոն Վրացյանն իրեն խորհուրդ է տվել վերջ տալ ներկուսակցական բանավեճ հրահրող ելույթներին, թե չէ ամեն ինչից կզրկվի։ Ակնարկը Հայաստանից դուրս բերված փողերից Նժդեհին բաժին հանելու մասին չէ՞, եթե չհամառի, հաշտվի իրականության հետ, ինչին կարծես ի պատասխան նույն տեղում Նժդեհը հիշում է, թե Արաքսի արդեն պարսկական ափին ինչպես է մտրակածեծ տվել Վրացյանի Փրկության կոմիտեի երկու նախարարի։ Եվ ափսոսանքը, թե ինչու տեղում չի գնդակահարել։ Չէ՞ որ Լեռնահայաստանի սպարապետն էր։
Շա՜տ տարիներ հետո, երբ աշխատում էի «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի վրա, պարզեցի, որ 1921-ի մայիս-հունիսին ՀՅԴ հատուկ պատվիրակությունը Ռիգայում բոլշեւիկյան կենտրոնական կառավարության հետ բանակցություններ է վարել։ Մանրամասնությունները, երեւի, պահվում են Դաշնակցության Բոստոնի արխիվներում, բայց հրապարակված մի քանի գրություններ բերում են եզրահանգման, որ քննարկվել է Փրկության կոմիտեի անդամների եւ էլի հարյուրավոր մարդկանց Սյունիքից Պարսկաստան անցնելու հարցը։ Որոշումն արդեն կար, Սյունիքի մի մասը թողնվում էր խորհրդայնացած Հայաստանի կազմում, նշանակված էր Հեղկոմ, որը զորքերով շարժվում էր դեպի Գորիս։
Ուղղակի սպանիչ է Մոսկվայի դաժանությունը․ բանակցությունների մի կողմում հայ դաշնակցականներն են, մյուսում՝ հայ բոլշեւիկները։ Իրենք չկան, թող հայերն իրար մեջ որոշեն։ Ահա այդպե՜ս․․․ Մինչեւ Երեւանից կստացվի Ալեքսանդր Մյասնիկյանի հեռագիրը, որ Հայաստանի կառավարությունը Լեռնահայաստանի ապստամբական ուժերին ներում է շնորհում։ Կուզե՞ն, թող մնան հայրենիքում, ո՞չ՝ անցնեն Պարսկաստան։
Իսկ Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական պատմությունից ի՞նչ գիտի միջին վիճակագրական հայը․ Ռուսաստանի փլուզում, թուրքական արշավանք, Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան՝ հերոսամարտ եւ «անկարող» դիվանագիտություն, որը հանգեցրեց Բաթումի «խայտառակ պայմանագրին»․․․
Միֆերն այդպես են բերում համազգային հիասթափության, եւ տասը հայից իննուկեսը վստահ պնդում է, որ 1918-ի հունիսի 4-ին Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանովը «չգիտեին, որ Սարդարապատում թուրքերը պարտություն են կրել»։ Ավելի արմատական տրամադրվածները նրանց մեղադրում են «թափած արյունն ուրանալու եւ թուրքերի հետ գործարք կնքելու համար»։ Սիմոն Վրացյանը, մինչդեռ, բարեխիղճ անկեղծությամբ վկայում է, որ թուրքական հրետանին Երեւանից յոթ կիլոմետր հեռավորության վրա էր, երբ Հայաստանի կառավարությունը Թիֆլիսից վերջապես մայրաքաղաք հասավ եւ գումարեց առաջին նիստը։
1990-ի ամռանը Գերագույն խորհրդում Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու սպասում կար։ Անկախության հռչակագրի ամեն բառի շուրջ բանավեճ էր բռնկվում։ Առաջարկվում էր ընդունել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը, օրակարգ բերել Սեւրի դաշնագիրը, Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնել, Նախիջեւանը հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս․․․ Հաղթեց ողջախոհությունը, գրվեց առաջին հայացքից շատ պարզունակ, բայց խորքով բազմաբովանդակ մի նախադասություն․ «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ ՀՀ»։ Սա է մեր հայրենիքը, որի կառավարության ուսերին ծանրացած էր Լեռնային Ղարաբաղի հայության փրկության, երկրաշարժից տնանկ մնացած կես միլիոն քաղաքացիների եւ Ադրբեջանից բռնատեղահանված երեք հարյուր հազար մարդու նվազագույն կարիքները հոգալու ծանրագույն հոգսն ու պատմական ստույգ պատասխանատվությունը։
Երեկ կարդացի Ֆեյսբուքում, արտերկրից հայ մի գրագիտուհի էր գրել, անիծում էր Բիշքեկի համաձայնությունը, առաջին պատերազմի հրադադարը։ Անիծում էր առաջին նախագահին, որ «կապիտուլյացիայից փրկեց Հեյդար Ալիեւին»։ Եվ մեջբերում էր, թե Հեյդար Ալիեւն ինչպես էր հպարտանում, որ 1992-ին Հայաստանի իշխանության հետ շփումներով կարողացել է Նախիջեւանը պատերազմից զերծ պահել։ Ի՞նչ ասես, եթե իրեն գրող-հրապարակախոս անվանողը չի հասկանում, որ Հայաստանն էլ կարողացել է իրեն ապահովագրել Նախիջեւանից ներխուժման սպառնալիքից։ Մնում է հիշեցնել առարկայական իրողությունը․ երբ օրերս Ելփինի ուղղությամբ թշնամին կրակել եւ քաղաքացիական մեքենա էր խոցել, հայկական մամուլում եւ սոցցանցերում խուճապ էր։
Քառասունչորսօրյա պատերազմում խուճապի մեջ էր իշխանությունը․ «Իսկ եթե Նախիջեւանից հարձակում լինի՞, եթե Երեւանը հրթիռակոծվի՞»․․․ 1990 թվականը դեռ մեզ հետ է։ Ավելի ճիշտ՝ վերադարձել է։ Կամ տղայամտորեն ինքներս ենք վերադարձրել։ Եվ Հայաստանում ու Արցախում վերստին պիտի հառնի Ողջախոհությունը։ Խաղաղության գինը խաղաղությունն է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։