Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը եւ բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:
Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի եւ դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսեւորում եւ երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:
Միաժամանակ չափազանց վտանգավոր եւ դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման եւ ժողովուրդների տեւական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան և այլն):
Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ եւ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը: