Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 19-ից մեկնարկում է 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցումը։
Ադրբեջանի նախագահի Զանգելանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիեւը հայտարարել է, որ հուլիսի 19-ից Զանգելանի շրջանի Աղալի գյուղում բնակություն է հաստատում 201 անձից բաղկացած 41 ընտանիք։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ մյուս ընտանիքները կվերադառնան առաջիկա 5 օրերին:
Հաջիեւը հավելել է, որ ընդհանուր առմամբ այդ գյուղում վերաբնակվելու ցանկություն է հայտնել 1357 մարդ։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ Զանգելանի շրջանում կառուցվել են դպրոց եւ մանկապարտեզ, ընթանում են ակտիվ ենթակառուցվածքային աշխատանքներ, կառուցվում են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ, առաջիկայում շահագործման կհանձնվի նաեւ օդանավակայանը։