ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ինչու է կանաչում Սեւանա լիճը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ:
Նախարարությունը հավաստիացնում է, որ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում է։
Ըստ նախարարության՝ Սեւանա լճում ջրիմուռների (նաեւ ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է որպես սննդանյութ ծառայող ֆոսֆորի եւ ազոտի միացությունների մեծ քանակությամբ, ջրի բարձր ջերմաստիճանով, լույսի բավականին մեծ ինտենսիվությամբ, լճի մակարդակի իջեցման հետեւանքով Փոքր Սեւանում հիպոլիմնիումի շերտի կրճատմամբ, իսկ Մեծ Սեւանում՝ վերացմամբ։
Հիպոլիմնիումի շերտի կրճատման եւ բացակայության հետեւանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Սեւանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետեւանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
Ափամերձ հանգստյան գոտիների կոմունալ-կենցաղային կեղտաջրերը՝ հիմնական աղբյուր
Լիճ թափվող կեղտաջրերի հիմնական աղբյուր են ծառայում կոմունալ-կենցաղային չմաքրված, ներառյալ ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, ջրածածկ բուսական տարածքները, ցանցավանդակային ձկնաբուծությունը եւ կոյուղատարին չմիացած սեպտիկ հորերը:
Ներկա պահին, ըստ շրջակա միջավայրի նախարարության, Սեւանա լիճը ինտենսիվ ծաղկման փուլում է, լիճն ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
Լճի ինտենսիվ ծաղկման հետեւանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիսի համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտենսիվորեն կենսազանգվածը յուրացնում է ֆոսֆորը, եւ երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, գործընթացը կավարտվի: Ըստ դիտարկումների՝ այն կտեւի 2-3 շաբաթ։
Ջրի թափանցիկության ցուցանիշը շատ ցածր է
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սեւանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8 մգ/լ տիրույթում: Մակերեւութային եւ միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6 մգ/լ-ից):
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սակայն 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է, եւ այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը եւս մասնակցի ջրաշրջանառությանը:
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում, ինչը շատ ցածր է։
Էկոհամակարգերի բարելավում եւ վերազինում
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ դրա խաթարման հետեւանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ, մասնավորապես կարգավորում է լճում սիգի արդյունագործական որսը, համալրում է ձկնապաշարը, մշակում է Սեւանի ջրավազանային կառավարման ծրագիրը:
Ըստ Կառավարության 2021-ի հուլիսի 22- ի N1211-Ն որոշման՝ հաստատվում են Սեւանա լճի ջրի նորմերը, ապամոնտաժվում են Սեւանա լճի ափին ապօրինի եւ ապամոնտաժման ենթակա շենք-շինությունները, անտառմաքրման աշխատանքներ են կատարվում Ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում: Կարգավորվում է աղբահանության եւ աղբի տեղափոխման խնդիրը, իրականացվում է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը:
Ծրագրի իրականացման ընթացքում վերազինվում եւ բարելավվում է Սեւանա լճի մոնիթորինգի համակարգը, բարելավվում են էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունները: Միեւնույն ժամանակ բարելավվում են կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունները:
Ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացվում են Սեւանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկության հասանելիությունը, բարելավվում է Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգը։
Մասնավորապես կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանի Վարդենիկ եւ Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման եւ համատեղ մաքրման համակարգի ստեղծում։
Երաշխավորելով լճի անխաթարությունը
«Հարգելի՛ քաղաքացիներ, մեր քայլերով պետք է հետեւողականորեն հասնենք Սեւանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների ու, որպես դրանց ածանցյալ, բնական երեւույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստության՝ Սեւանա լճի էկոհամակարգը եւ այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը բոլորիս պատասխանատու եւ սրտացավ վերաբերմունքի ներքո»,- ասված է շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ։