Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել «Հյուսիսային հոսք-1» գազատարով Գերմանիա եւ մի շարք այլ եվրոպական երկրներ գազի մատակարարումները իր վերահսկողությունից դուրս արտակարգ հանգամանքների պատճառով»։
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ «Գազպրոմ»-ի նամակը ստացվել է չորս օր առաջ, սակայն վերաբերում է հունիսի 14-ից սկսված մատակարարումներին։
Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրեւեր Սիկորսկիի կարծիքով ֆորսմաժորի մասին հայտարարությունը վկայում է, որ «Գազպրոմ»-ը չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով: Բանն այն է, որ այդ օրն ավարտվում է գազատարի պլանային տեխսպասարկումը։
Ըստ Bloomberg գործակալության՝ հունիսի 16-ից «Գազպրոմ»-ը 60%-ով կրճատել է «Հյուսիսային հոսք-1» գազատարով մատակարարումները՝ որպես պատճառ նշելով Կանադայում արգելափակված գազի պոմպակայանների բացակայությունը:
Հուլիսի 10-ի, լույս 11-ի գիշերը ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տասնօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների համար փակել է դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարը: Եվրոպայում մտավախություն ունեն, որ Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարով գազամատակարարումը չի վերսկսվի:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարման հետագա ընդհատումներին եւ նույնիսկ ամբողջական դադարեցմանը:
Թարմացում
Ավելի ուշ բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնեց, որ «Հյուսիսային հոսքի» միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկման ավարտից հետո:
Միաժամանակ, ըստ աղբյուրի, գազատարը չի վերսկսի աշխատանքն ամբողջ հզորությամբ, այլ այն նույն մակարդակով, ինչ եղել է մինչև հուլիսի 11-ը։