Իրանի Սադաբադ պալատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Այցի շրջանակում երկու երկրների ղեկավարների նախագահությամբ կանցկացվի Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ ժողովը:
Էրդողանի հետ Իրան են մեկնել պաշտպանության, ներքին եւ արտաքին գործերի նախարարները, գանձապետարանի եւ ֆինանսների նախարարը, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը, երիտասարդության եւ սպորտի նախարարը, առեւտրի նախարարը, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավարը եւ նախագահի մամուլի խոսնակը:
Թուրքիայի նախագահը 40 րոպեանոց դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հետ։
Խնդիրը պետք է լուծել բանակցությունների միջոցով
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց:
«Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Խամենեին: Նա հավելել է, որ սիրիական հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով:
Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է, որ փորձում է մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սիրիայի տարածք: Ըստ Ասադի՝ Անկարայի գործողությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում են:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները կընդգրկեն Այն Էլ Արաբը եւ Այն Իսսան:
Հայ-իրանական սահմանը հազարավոր տարիներ գործող հաղորդակցական երթուղի է
Ըստ իրանական ԻՍՆԱ գործակալության՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականությանը։
«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական Հանրապետությունը կհակառակվի դրան, որովհետեւ այդ սահմանը համարվում է հազարավոր տարիներ գործող հաղորդակցական երթուղի»,- ընդգծել է Իրանի հոգեւոր առաջնորդը։