Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ հուլիսի 19-26-ը տեղի կունենա բուհերի 2022-2023 ուստարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը: Նա հավելել է, որ ցանկացողները հանձնած քննություններից ունեցած դրական միավորներով արդեն կարող են հայտագրվել լրացուցիչ մրցույթին:
«Մրցույթի լրացուցիչ փուլում կարող եք հայտագրել մինչեւ 6 մասնագիտություն՝ հանձնված երկու քննություններին համապատասխան: Հայտագրման ավարտը հուլիսի 26-ի ժամը 18։00-ն է»,– գրել է Գրիգորյանը։
ԳԹԿ խոսնակը հավելել է, որ արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում:
ԿԳՄՍՆ–ն ավելի վաղ հայտնել էր` Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել, իսկ վճարովի համակարգից` ավելի քան 15 հազարը։