Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններում քննարկել են համագործակցության հեռանկարները եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Միեւնույն ժամանակ նշվել են հետհակամարտային փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Ադրբեջանի ձեռնարկած քայլերը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ստոլտենբերգն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը դաշինքի հուսալի գործընկերն է: Նա բարձր է գնահատել երկրի պաշտպանական ոլորտում բարեփոխումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններում Ադրբեջանի ներդրումը։