«Հեռուստացույց ընդհանրապես չեմ դիտում, որովհետեւ գրեթե ոչ մի հաղորդում չի հեռարձակվում սուրդոթարգմանությամբ կամ լուսագրով»,- պատմում է լսողության խանգարում ունեցող Էլեն Սարգսյանն ու հիշում, թե ինչպես էր փոքր հասակում դիտում մուլտֆիլմերը, մանկական հաղորդումները առանց լսելու եւ հասկանալու:
Էլենը նախընտրում է լուրերը կարդալ կայքերում, դիտել արտասահմանյան ֆիլմեր, սերիալներ, որոնք ուղեկցվում են լուսագրով կամ սուրդոթարգմանությամբ:
«Մեր հեռուստաալիքներում լուրերը նաեւ վազող տողով են հաղորդվում, սակայն դրանք այնքան արագ են ցուցադրվում, որ ոչ մի նախադասություն չեմ հասցնում մինչեւ վերջ կարդալ»,- նկատում է նա եւ ավելացնում, որ տեղեկացված լինելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, սակայն սուրդոթարգմանչի, լուսագրի բացակայության պատճառով լսողության խանգարում ունեցողները չեն կարողանում իրացնել այդ իրավունքը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ լուսագրով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Բաթոյանը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է.
- Հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդումներ, ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկության մատչելիությունը՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ լուսագրով առնվազն մեկ հաղորդում:
- Հայերեն լուսագրով եւ ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ եւ պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար:
- Օրենքով սահմանել, որ Ազգային ժողովի նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումները կարող են ուղեկցվել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ:
- «Լեզվի մասին» ՀՀ օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը:
Զարուհի Բաթոյանը հիշեց նաեւ դեպք, երբ սիրված հեռուստասերիալներից մեկի թիմին առաջարկվել էր սուրդոթարգմանչի անվճար ծառայություն, որ լսողության խանգարում ունեցող անձինք նույնպես կարողանան դիտել այն: Առաջարկը մերժվել էր առանց որեւէ հիմնավոր բացատրության:
«Պարզապես իրազեկվածության, գիտակցության պակաս կա: Կարծրատիպները տարբեր են. գուցե մտածել են, որ սուրդոթարգմանիչը կարող է խանգարել, շեղել հեռուստադիտողի ուշադրությունը: Պատճառը չգիտեմ»,- ասում է Բաթոյանը եւ ցավալի համարում, որ այսօր հեռուստաընկերություններում լսողության խանգարում ունեցող անձանց մատչելի հաղորդաշարերն այսքան սահմանափակ են:
«Օրենքը սահմանում է օրվա մեջ առնվազն մեկ ժամ ներկայացնել սուրդոթարգմանությամբ արտադրանք: Երբ ասում ենք առնվազն, շատերը հասկանում են առավելագույնը, եւ դա շատ ցավալի է: Անգամ մանկական հաղորդումների արտադրողները չեն մտածում՝ գուցե արժե լուսագիրը փոխարինել սուրդոթարգմանությամբ, չէ՞ որ երեխաներից շատերը դեռ կարդալ չգիտեն»,- նկատում է Բաթոյանը:
Նախագիծը քննարկվել է Խուլերի միավորման եւ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հետ, որոնք ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց շահերը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից մեզ հայտնեցին՝ որոշակի պարզաբանման համար դիմել են ԱԺ, եւ միայն պատասխան ստանալուց հետո հստակ տեսակետ կհայտնեն նախագծի մասին:
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցները շատ կարեւոր են համարում այս նախագիծը, որովհետեւ դպրոցի գրեթե բոլոր աշակերտներն անմատչելիության պատճառով չեն դիտում հեռուստացույց:
Երեխաներն ամբողջ օրն անցկացնում են համացանցում, որը լի է վտանգներով, իսկ հեռուստատեսությունն այս դեպքում կարող է լցնել նրանց ժամանակն ավելի օգտակար բովանդակությամբ:
Անմատչելիության հետեւանքով երեխաները բաց են թողնում գիտահանրամատչելի եւ ուսուցողական շատ հաղորդաշարեր, ֆիլմեր, մուլտֆիլմեր, որոնք կարեւոր են նրանց զարգացման համար:
Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության ամենախոցելի եւ մեկուսացված խմբերից են: Ամեն օր առերեսվելով խտրականության հետ, որն արտահայտվում է թե՛ բացասական վերաբերմունքով, թե՛ պատշաճ քաղաքականության եւ օրենսդրության բացակայությամբ՝ նրանք չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլորտներում: Այս նախագիծը փոքր քայլ է՝ ավելացնելու տեղեկատվության մատչելիությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: