Քրիստոսի արձանի կառուցման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից։ Թեեւ հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների համապատկերում սա ամենակարեւոր խնդիրը չէ, բայց լավագույնս ի ցույց է դնում Հայաստանի այսօրվա վիճակը եւ պետական ինստիտուտների չաշխատելը։
ՀՀ վարչապետը, Կառավարության նիստում անդրադառնալով արձանի կառուցման նախագծին, հայտարարեց՝ «Կառավարության մարմինները պետք է քննարկեն եւ որոշում կայացնեն», այնուհետեւ հավելեց՝ նախագծի վերաբերյալ իրենց նախնական գնահատականը դրական է։
Անգամ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել էր արձանի հիմնարկեքի աշխատանքներին, թեեւ նախորդ օրը պնդում էր. «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, եւ որեւէ շինարարության մասին խոսք չի գնում»։
Հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններն իրենց հերթին հայտարարություն տարածեցին՝ մատնացույց անելով օրենսդրական անհամապատասխանությունները։
ԿԳՄՍ նախարարությունը պահանջել էր հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն՝ նշելով, թե դա «հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին»։ ՇՄ Նախարարությունն էլ պնդել է, թե «ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»:
Չնայած երկու նախարարությունների հայտարարություններին՝ Հատիսի վրա այնուամենայնիվ ակտիվ շինարարություն է ընթանում, եւ ավերվում է պատմական հնավայրը։
Տեղի ունեցողը, թերեւս, լավագույնս բնութագրում է մեզանում պետական ինստիտուտների աշխատանքի որակը։
Օլիգարխը, որ ոչ վաղ անցյալում կալանավորվել էր ընտրակաշառք տալու համար (գործը կարճված չէ), պարզապես թքած ունի օրենքների վրա եւ շարունակում է իր գործը՝ հակառակ պետական մարմինների պահանջներին։ Որեւէ կասկած չկա՝ Գագիկ Ծառուկյանը կիրագործի իր մտադրությունը, եւ արձանը կկառուցվի իշխանությունների լուռ թողտվությամբ, քանի որ իրականում ունի նրանց համաձայնությունը։
Այս ամենի համատեքստում ուշագրավ էր օրերս ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, թե 2000-2010 թվականներին Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերեւույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան, հարուցվել է քրեական գործ։
Դատախազությունը քրեական գործ է հարուցում 12-22 տարվա վաղեմության դեպքերի առնչությամբ (իմանալով, որ վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով կարճվելու է), բայց չի արձագանքում, երբ բոլորի աչքի առաջ ավերվում է հնավայրը։ Չկա արձագանք, Ծառուկյանն իր նախագիծն իրականացնելիս ունի իշխանությունների համաձայնությունը, ճիշտ նույն կերպ 2000-2010 թվականներին Հյուսիսային պողոտայում ու Կասկադում պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնողներն ունեին անձամբ Ռոբերտ Քոչարյանի «դաբրոն»։
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու պահանջով։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: