Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանանը ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։
Խոսնակը նաեւ շոշափել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձեւաչափով բանակցությունների թեման ու նշել, որ այդ ձեւաչափով երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու Թեհրանում, ինչի շուրջ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։
«Հիմա հստակեցվում են այս ձեւաչափի շրջանակում անցկացվելիք համաժողովի հարցերը. այս գործընթացի համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Քանանը։
«3+3» ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։ Հինգ երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։
«3+3» ձեւաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նախատեսվում էր, որ դրան կանդամակցեր նաեւ Վրաստանը, սակայն վրացական կողմը հայտնել էր, որ ձեռնպահ է մնում առաջին հանդիպմանը մասնակցելուց։
Վրաստանի արտգործնախարար Զալկալիանին դեռեւս 2021-ի նոյեմբերին հայտարարել էր, որ, Ռուսաստանի հետ տարաձայնություններով հանդերձ, Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձեւաչափում։ Նա նշել էր, թե Ռուսաստանի հետ միեւնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, սակայն Վրաստանը չպետք է դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։
Ավելի վաղ Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ անցկացրած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հարավային Կովկասում կարգավորման հասնելու «սովորական ցանկությունը» բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով հասնել կրակի մշտական դադարեցմանը: