Գիտե՞ք, որ ձեր քվեն գին ունի`125-1000 դրամ։ Բայց խոսքը չի վերաբերում ընտրակաշառքին, այն ավելի բարձր է։ Խոսքը պետությունից տրվող գումարի մասին է։ Եթե ընտրակաշառքը կուսակցություններն ու անհատ գործիչներն են բաժանել քաղաքացիներին, իհարկե, թաքուն, այս դեպքում պետությունն է գումար տալիս ընտրություններին մասնակցած կուսակցություններին ու դաշինքներին՝ ստացած յուրաքանչյուր քվեի դիմաց։ Իհարկե, արդեն բացահայտ եւ օրենքի շրջանակում։
Պետությունը միշտ էլ փող տվել է կուսակցություններին, բայց այս տարի կտրուկ բարձրացրել է քվեի արժեքը։ Նախկինում քաղաքական ուժերը յուրաքանչյուր քվեի համար պետբյուջեից ստանում էին 40 դրամ։ Բայց 2020 թվականին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարեցին ու ներդրեցին ֆինանսավորման այլ բանաձեւ, որի համաձայն՝ ստացած մինչեւ 5 տոկոս ձայներից յուրաքանչյուրի համար տրվելու է 1000 դրամ։ 5 տոկոսից հետո մինչեւ 15 տոկոսի յուրաքանչյուր քվեն կարժենա 500 դրամ: 15-ից հետո մինչեւ 25 տոկոսի յուրաքանչյուր քվեն կարժենա 250 դրամ, 25 տոկոսից ավելի ձայնի դեպքում՝ 125 դրամ:
Պետական այս ֆինանսավորումը, սակայն, չի վերաբերում քաղաքական դաշտում գործող բոլոր կուսակցություններին. եթե մինչեւ այս տարի պետությունը ֆինանսավորում էր վերջին խորհրդարանական ընտրություններում 3 տոկոս եւ ավելի ձայն ստացած ուժերին, ապա այժմ այդ շեմն իջեցվել է 2 տոկոսի։ Իսկ դաշինքները պետությունից կֆինանսավորվեն, եթե վերջին համապետական ընտրություններին ստացել են նվազագույնը 7 տոկոս։ Ի վերջո, ըստ ներկայացված բանաձեւի, քաղաքական ուժերն այս տարի պետությունից կստանան 5 անգամ ավելի շատ գումար՝ 520,7 մլն դրամ, նախորդ տարիների 103,7 միլիոնի փոխարեն։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 25 ուժերից պետական ֆինանսավորման համար անհրաժեշտ շեմը հաղթահարել են ընդամենը չորսը ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որոնք անցել են խորհրդարան, «Բարգավաճ Հայաստան» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք չեն անցել։
Բնականաբար ամենաշատ գումարը՝ շուրջ 268 մլն դրամը, կստանա ՔՊ-ն, քանի որ ունեցել է ամենաշատ ձայները՝ 54 տոկոսը։ Գումարի երկրորդ խոշոր մասը՝ 163,2 մլն դրամը, բաժին կհասնի երկրորդ տեղը զբաղեցրած «Հայաստան» դաշինքին, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել էր 21 տոկոս կամ 268 հազար ձայն։ ԲՀԿ-ն, որն ընտրություններին ստացել է մոտ 4 տոկոս կամ 50,4 հազար ձայն, պետությունից ստանալու է 50 մլն դրամ, իսկ «Հանրապետությունը» 3 տոկոս ձայների շնորհիվ կստանա 38,8 մլն դրամ։ Այսքան գումար կստանան նաեւ առաջիկա 4 տարիներին, եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ չլինեն։
«Պատիվ ունեմ»-ը թեեւ ընտրությունների արդյունքներով 3-րդ ուժն էր եւ անցել է խորհրդարան, պետբյուջեից գումար չի ստանա, քանի որ չի հաղթահարել դաշինքի համար պահանջվող 7 տոկոսը։ Սերժ Սարգսյանի գլխավորած «Հանրապետական» եւ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններից կազմված այդ դաշինքը ստացել էր ընդամենը 5,2 տոկոս, բայց խորհրդարան էր անցել օրենքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ քվե ունեցող քաղաքական միավոր, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինեն օրենքով նախատեսված նվազագույնը 3 ուժեր։ Այս դաշինքին մաս կազմած ՀՀԿ-ն պետբյուջեից վերջին անգամ գումար ստացել է 2021-ին, այն էլ առաջին կիսամյակում՝ մինչեւ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները։
Կուսակցությունների ֆինանսավորման ավելացման մասին օրենսդրական փոփոխությունները ներկայացվել եւ ընդունվել են շատ ծանր շրջանում՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, եւ առանձնապես մեծ քննարկման չեն արժանացել։ Հատկապես ընդդիմությունը չմասնակցեց քննարկմանը՝ պատճառաբանելով, որ պատերազմի հետեւանքներին չվերաբերող ցանկացած հարց ժամանակավրեպ է։ Օրինագծի մշակումը, սակայն, ավելի վաղ էր սկսվել՝ 1 տարի առաջ։ Թեեւ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որին պետք է միանային ԱԺ խմբակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նաեւ այդ գործընթացին չէին մասնակցել։
Օրենսդրական այս փոփոխությունները պետական ֆինանսավորման մեծացումից զատ այլ կարգավորումներ էլ էին նախատեսում։ Իշխանություններն ասում էին, թե նպատակը Հայաստանում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է եւ այնպիսի կուսակցական համակարգ ստեղծելը, որտեղ քաղաքական ուժերը կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձնակենտրոն, բայց հաշվետու եւ թափանցիկ։ Պետական ֆինանսավորումը մեծացնելով՝ ցանկանում էին կուսակցություններին ազատել մեկ անձի ֆինանսավորման մոդելից, որպեսզի չդառնան նրանց կամակատարը, քաղաքականության մեջ՝ նրանց բիզնես-ծրագրերից մեկը։ Հույս ունեին, որ հանրային ֆինանսավորման դեպքում կմեծանա նաեւ կուսակցությունների հանրային պատասխանատվությունը։ Եվ վերջապես մեր երկրում կկայանա կուսակցական համակարգը։
Թե պետբյուջեից ընդամենը 4 քաղաքական ուժերի ֆինանսավորման հնգապատկումը որքանով է հասել իր այս նպատակներին, դժվար է չափել, բայց այս տարի ՀՀ քաղաքական ներկապնակը հարստացավ եւս մեկ կուսակցությունով. ՀՀԿ-ի նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հիմնեց «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։ Գարնանն անցկացրած համագումարի ժամանակ նախագահ ընտրվեց Արզաքանցյանն ինքը, իսկ նրա կինը՝ ՌԴ քաղաքացի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մտերիմ օլիգարխ Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ մեծահարուստ Նատալյա Ռոտենբերգն էլ դարձավ կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։