ԱՄՆ պետքարտուղարությունը հուլիսի 19-ին հրապարակել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թվականի զեկույցը։ Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները:
Պետքարտուղարությունը «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022-ի զեկույցում առաջ է քաշել ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։
Խստորեն հետաքննել, հետապնդել եւ դատապարտել թրաֆիքինգ իրականացնողներին
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։ Այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ եւ ավելի շատ զոհերի նույնացում։
Ըստ զեկույցի՝ 2014-ից ի վեր առաջին անգամ դատարանը աշխատանքային թրաֆիքինգի գործով դատավարություն է անցկացրել։ ՀՀ Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար եւ կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքումն ու տեղեկությունների փոխանցումը, եւ ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար։
Պետքարտուղարության զեկույցում առաջարկվել է խստորեն հետաքննել, հետապնդել եւ դատապարտել թրաֆիքինգ իրականացնողներին 132-րդ եւ 132.2-րդ հոդվածների համաձայն: Մասնավորապես խորհուրդ է տրվել մեծացնել նույնականացման ակտիվ ջանքերը՝ ներառյալ թրաֆիքինգի զոհերի ստուգման ստանդարտ գործառնական ընթացակարգերի ներդրումը եւ պաշտոնյաների վերապատրաստումը։
Երեխաների խնամքի պետական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել
Առաջարկվել է նաեւ քննիչներին եւ դատախազներին տրամադրել խորացված ուսուցում թրաֆիքինգի հետաքննության եւ քրեական հետապնդման վերաբերյալ՝ ներառյալ ապացույցների հավաքումը եւ զոհերի վրա կենտրոնացած հարցազրույցի մեթոդները:
Պետքարտուղարության զեկույցում առաջարկվել է երեխաների աշխատանքի եւ երեխաների հնարավոր թրաֆիքինգի դեմ երեխաների խնամքի պետական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
Միեւնույն ժամանակ խորհուրդ է տրվել բարձրացնել արդարադատության հասանելիությունը դատական վարույթների ընթացքում, ինչպես, օրինակ՝ տուժողների վրա կենտրոնացված քաղաքականություն սահմանել՝ նվազեցնելու կրկնակի տրավման, ամրապնդել գաղտնիությունը եւ ապահովել տուժող վկաների պաշտպանությունը:
Զեկույցում առաջարկվել է ավելացնել զոհերի վերաինտեգրման ծառայությունների ռեսուրսները, սահմանել թրաֆիքինգի զոհերի՝ արտասահմանից հայրենադարձման պաշտոնական ընթացակարգեր:
Կանխել արտերկրում գտնվող հայերի հարկադիր աշխատանքը
Պետքարտուղարության զեկույցում տեղական աշխատանքի տեղավորման գործակալություններին եւ գործակալներին լիցենզավորելու, կանոնակարգելու եւ կրթելու անհրաժեշտություն է դիտվել, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխելու արտերկրում գտնվող հայերի հարկադիր աշխատանքը:
Զեկույցում ավելորդ չի համարվել վերապատրաստել քրեական գործերով փոխհատուցման հարցերով դատավորներին: Կարեւորվել է թրաֆիքինգով զբաղվող անձանցից գույքը բռնագրավելու համար ընթացակարգեր սահմանելն ու փոխհատուցումը ժամանակին հատկացնելու համար արդյունավետ եղանակներ ստեղծելը:
Պետքարտուղարության՝ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թվականի զեկույցում նաեւ ընդգծված է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։