Ադրբեջանի նախագահ Ալիեւը Երեւանի ադրբեջանական թատրոնի 140-ամյակը նշելու հրամանագիր է ստորագրել։
Համացանցը հուշում է, որ Երեւանում ադրբեջանական թատրոնը հիմնադրվել է 1928-ին։ Այն, սակայն, ունի նախապատմություն։ Դեռեւս 1880-1882-ին են Երեւանում թուրքալեզու («ադրբեջանցի» էթնոնիմն այդ շրջանում դեռ չկար) բեմադրություններ կազմակերպվել։ 1886-ին Երեւանում գործող ռուս-մուսուլմանական դպրոցի մուսուլմանների լեզվի (այն հետո ադրբեջաներեն պետք է կոչվեր) 23-ամյա ուսուցչի ջանքերով երկու ներկայացում է բեմադրվել։ 1896-ից հետո այդ լեզվով բեմադրություններն ավելի կանոնավոր են եղել։
Որ 140 տարի առաջ Ադրբեջան կոչվող երկիր եւ ադրբեջաներեն կոչվող լեզու չեն եղել, փաստ է։ Որ այս տարածքներում իր լեզվով ու իր մշակույթով մի քանի հարյուրամյակ ապրել է ժողովուրդ, որը հետագայում պետք է ադրբեջանցի կոչվեր, նույնպես փաստ է։ Որ 140 տարի առաջ այս տարածքում ապրող այդ ժողովրդի լեզվով Երեւանում թատերական ներկայացումներ են ցուցադրվել, չի վիճարկվում։ Եղել է նման թատրոն։ Այդ թատրոնի հիմնադրման 140-ամյակը նշելու ցանկությունը բոլորովին էլ դատապարտելի չէ։ Ավելին՝ խրախուսելի է։
Դատապարտելին Ալիեւի հրամանագրի սադրիչ բնույթն է։ Այն 140-ամյա թատրոնի մասին չէ։ Ավելի շատ Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ Հայաստանի մայրաքաղաքը ադրբեջանական հայտարարելու փորձ է։ Ալիեւը միշտ է Հայաստանի տարբեր շրջաններ ադրբեջանական անվանում․ միայն այն պատճառով, որ այդ տարածքներում, ի թիվս այլ ազգերի, նաեւ ադրբեջանցիներ են բնակվել։
Մեր ժողովուրդները դարերով ապրել են իրար հետ։ Անցյալի համատեղ կյանքն այսօր կարող է եւ պետք է ապագա հաշտության հիմք դառնա։ Ալիեւը, սակայն, իր քայլերով ու հայտարարություններով բոլորովին չի նպաստում հաշտության հաստատմանը։ Նա մարդ է, որն Ադրբեջանում հակահայկականությունը պետական քարոզչության մակարդակի է բարձրացրել եւ եղել ու մնում է այդ քարոզչության առաջամարտիկը։
Հայաստանի իշխանության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի Ալիեւի ոտքի տակի հողը քաշելը։ Չպետք է բոլորովին խուսափել 140 տարի առաջ հիմնադրված թատրոնի մասին խոսելու առաջարկից։ Առանց երկմտելու այդ առաջարկը կարելի է ընդունել ու հայտարարել, թե պատրաստ ենք համատեղ ու հենց Երեւանում կազմակերպելու 140-ամյակին նվիրված միջոցառումներ եւ քննարկումներ։
Ալիեւը շահած կլինի, եթե հայկական կողմը փակ աչքերով հայտարարի, թե նման թատրոն չի եղել, թե այս տարածքում չի ապրել ժողովուրդ, որն այսօր ադրբեջանցի է կոչվում։ Ապրել են նրանք այստեղ։ Ապրել են հայերի, քրդերի, պարսիկների եւ այլ ազգերի հետ։ Ապրել ու իրենց չափով իրենցն են ստեղծել։ Ապրելը, սակայն, այս տարածքներն իրենցը հռչակելու իրավունք չի տալիս։
Հայերս այն տարածքում, որ այսօր Ադրբեջան է կոչվում, ապրել ու շատ ավելի հայտնի, ոչ դիպվածային, մշտական հիմունքներով գործող մշակույթի, կրթության, բիզնեսի ծանրակշիռ կենտրոններ ենք ունեցել։ Եվ ոչ միայն Ադրբեջանում։ Դարեր շարունակ ապրել ենք մենք աշխարհի շատ երկրներում։ Հիմնավորվել ու արարել ենք ամենամեծ ու ամենահայտնի քաղաքներում։ Ցանկը հսկայական է՝ Թբիլիսի, Մոսկվա, Կոստանտինոպոլիս, Բաքու, Կալկաթա, Վիեննա, Ռոստով, Լվով, Փարիզ, Մադրաս․․․ Թվարկելն իմաստ անգամ չունի։ Այդ քաղաքներում ու այդ երկրներում մեր երբեմնի գոյությունը, այդ տարածքներում թողած մեր նշանակալի հետքն այդ տարածքները Հայաստանի մաս հայտարարելու իրավունք մեզ չեն տալիս։
Ինչպես հայերս իրավունք չունենք Բաքուն Հայաստանի մաս համարելու միայն այն պատճառով, որ ապրել ու արարել ենք այդ քաղաքում, այնպես էլ զուրկ են նման իրավունքից ադրբեջանցիները։ Ավելի ճիշտ՝ Ալիեւը, որովհետեւ նա է հիմնականում այս մասին խոսում։
Ալիեւյան հոխորտանքներին, սադրանք հիշեցնող հրամանագրերին ու հայտարարություններին հարկավոր է արձագանքել հանգիստ ու առանց ավելորդ զգացմունքայնության, որ այո՛, մեր ժողովուրդներն ունեցել են պատմության շրջաններ, որոնք պատերազմներով ու թշնամությամբ թունավորված չեն եղել, որ հաշտ ու խաղաղ գոյակցել են նույն տարածքներում, որ հիշում ու գնահատում ենք մեր պատմության այդ շրջանները, որ պատրաստ ենք խոսելու այս մասին եւ, այո՛, նշելու նշանակալի իրադարձությունները։
Նույն կերպ պետք է վարվել Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի պարագայում՝ ասելով՝ ոչ միայն դեպի Նախիջեւան, Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ Ադրբեջանն ազատորեն կարող է օգտագործել՝ ճանաչելով, բնականաբար, այդ ճանապարհների պատկանելիությունը Հայաստանին։ Պետք է շեշտել, որ ի տարբերություն Ալիեւի, հաշտության գնալով մենք ոչ թե հակասություններ, այլ ընդհանրություններ ենք որոնում, որպեսզի այդ ընդհանրությունների հիմքով խաղաղ ապագա կառուցենք։
Նման արձագանքը, որ պետք է հնչի Հայաստանի իշխանական շրջանակներից, հասկանալի կլինի միջազգային հանրությանը, նրանց, ովքեր ներգրավված են հայ-ադրբեջանական երկխոսության կազմակերպման աշխատանքներում, կցուցադրի Ալիեւի հայտարարությունների սադրիչ բնույթը, կչեզոքացնի դրանք եւ ցույց կտա, որ մենք մանկամիտ վեճերի մեջ մտնելու փոխարեն հաշտության իրական ուղիներ ենք որոնում։
Մնում է, որ մեր իշխանությունները լինեն համարձակ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։