Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռայի հետ: Կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները:
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ մայրաքաղաքում հիմնանորոգվում են մանկապարտեզները: Մասնավորապես, հիմնանորգվող 18 մանկապարտեզներից եւս մեկը՝ 1980-ականներին կառուցված եւ 270 փոքրիկների համար նախատեսված թիվ 49 մանկապարտեզը, որը երբեւէ հիմնանորոգման չէր ենթարկվել, հանձնվեց շահագործման:
Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում քայլեր են ձեռնարկվում երեւանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները եւս նախագծում ընդգրկելու ուղղությամբ:
Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաեւ փակել Նուբարաշենի եւ Աջափնյակի գործող աղբավայրերը:
Ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել գործակցության նոր ուղղությունները: Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռան պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու ծրագրերը եւ ընդգրկելու նոր ոլորտներ: