Կառավարությունը հաստատել է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ ռազմավարության մեջ մի քանի կարեւոր դրույթներ կան, որոնցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որով նախատեսվում է գործարկել հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթա։ Նա հավելել է, որ համակարգը գրեթե լիովին պատրաստ է, եւ առաջիկայում 3 ատյաններում հակակոռուպցիոն դատարաններ կգործեն։
348 միլիոն դրամ դատավարությունը թվայնացնելու համար
Անդրեասյանը նշել է նաեւ, որ Հայաստանում քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի: Ըստ նրա՝ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, եւ քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո: Պետությունը քաղաքացիական դատավարությունը թվայնացնելու նպատակով 348 միլիոն դրամ է տրամադրելու պայմանով անցկացված մրցույթի հաղթողին:
«Թվայնացում ասելով՝ նկատի ունենք այն, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել: Կարող են նաեւ դատական քննություններն անցնել օնլայն, առանց մարդկանց, փաստաբանների դատարան այցելելու»,- ընդգծել է Կարեն Անդրեասյանը:
Ըստ նրա՝ այս մոտեցումը հետագայում լինելու է նաեւ վարչական, քրեական դատավարության դեպքում: Նա հավելել է, որ ապագայում կստուգվի բոլոր դատավորների, քննիչների, ՔԿՀ աշխատակիցների բարեվարքությունը։
Նախարարը խոստացել է նաեւ, որ սոցիալապես անապահովներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կստանան։ Բացի դրանից՝ արդարադատության նախարարն ասել է, որ առաջիկայում կստեղծվի մասնավոր արբիտրաժային կենտրոն, որտեղ ոչ միայն լուծվելու են մասնավոր, ներազգային խնդիրներ, այլեւ այն կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն։ Նախատեսվում է նաեւ, որ քաղաքացիները նոտարիատ գնալու կարիք չեն ունենա, կարող են առցանց եղանակով օգտվել իրենց անհրաժեշտ ծառայություններից։