ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Կիեւի հետ բանակցությունների դուռը բաց է: Նա նշել է, որ ո՛չ Ռուսաստանի նախագահ Պուտինը, ո՛չ ՌԴ արտգործնախարար Լավրովը երբեք չեն խոսել բանակցությունների դուռը փակելու մասին:
Հունիսի կեսին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ դրանք մինչ օրս չեն վերսկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշման պատճառով։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ բացառել էր մոտ ապագայում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ համոզմունք էր հայտնել, որ Ուկրաինայի հետ բանակցությունները ներկա փուլում անիմաստ են:
Նա պարզաբանել էր, որ Արեւմուտքը ուկրաինական կողմին հետ է պահում ցանկացած կառուցողական քայլից՝ շարունակելով զենք մատակարարել եւ ստիպելով Կիեւին ավելի ռիսկային օգտագործել այն: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել էր, որ Ուկրաինայի իշխանություններն առանց Վաշինգտոնի թույլտվության բանակցություններ չեն վարի:
Դմիտրի Պեսկովը դեռ ապրիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային է փոխանցել երկկողմ համաձայնագրի իր տարբերակը՝ հստակ ձեւակերպումներով: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե այս պահին գնդակը ուկրաինացիների դաշտում է, եւ Մոսկվայում սպասում են Կիեւի պատասխանին:
Հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը հստակ ժամկետներ է սահմանել իր առաջարկին արձագանքելու համար, Կրեմլի խոսնակը միայն նշել էր. «Կախված է ուկրաինական կողմից»։
Մեկնաբանելով Պեսկովի «գնդակն ուկրաինացիների դաշտում է» հայտարարությունը՝ Զելենսկին նշել է, որ տպավորություն ունի, թե Պեսկովն ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: