Ընթերցողի սեղանին է անկախության շրջանի ամենահետաքրքիր դեմքերից մեկի՝ հասարակական, ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Մաթեւոսյանի «Խաղաղության հավատամքով» գիրքը։
Դա նրա հոդվածների, հարցազրույցների, հուշերի եւ արձակ գործերի հետմահու ամփոփումն է, որ բծախնդրորեն արել են Դավթի ընկերներն ու որդին՝ Թեւոս Մաթեւոսյանը։
Ղարաբաղյան շարժմանը եւ անկախության պայքարին Դավիթ Մաթեւոսյանը մասնակցել է առաջին օրերից՝ ստանձնելով իր ծննդավայր Մեղրու պաշտպանության գործը։ Հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր, բայց, դատելով գրքում զետեղված հուշերից, նրա կյանքի ու գործունեության ամենակարեւոր շրջանը եղել է Ներքին գործերի Մեղրու բաժնի պետի պաշտոնում աշխատելը։
Այդ պաշտոնում այդ ժամանակ միավորված են եղել ե՛ւ իրավակարգի պահպանության, ե՛ւ սահմանների պաշտպանության, ե՛ւ սոցիալական կայունության ապահովման, ե՛ւ հակառակորդի, ռուսական զորքի, հարեւան Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու գործառույթներ։
Բավական երկար ժամանակ ճանաչում եմ Մաթեւոսյանին, եւ ինձ համար նորություն չէր հոդվածների, հարցազրույցների, ելույթների ասելիքը։ Մշտապես հետեւում եւ հիանում էի նրա դատողությունների սթափությամբ, Հայաստանի եւ Արցախի ապագան խաղաղ տեսնելու համառությամբ, մարդկայինը քաղաքականից չտարանջատելու նրա սկզբունքայնությամբ։ Այդ ամենը գրվել եւ արտաբերվել է մի ժամանակաշրջանում, երբ խաղաղության մասին խոսելն անգամ համարվում էր փոքրոգություն եւ դավաճանություն, իսկ հակառակորդին (թշնամուն) մարդ համարելը՝ մահացու մեղք։
Ինձ համար նորություն չէր նաեւ կայացած արձակագրի վարպետությամբ գրված «Սուլթան Նանա» հրաշալի պատմվածքը։ Դրա առանցքում էլ մարդն է՝ խաղաղության անշրջանցելի պահանջմունքով։
«Խաղաղության հավատամքով» գրքում անակնկալն ինձ համար «Սկիզբ (ինչպես որ եղել է)» հուշապատումն էր, որի մի փոքր հատված՝ «Խաղաղության սպասումով» վերնագրով, 2017 թվականին հրապարակվել էր ilur.am կայքում։ Ամբողջը՝ շուրջ 140 էջ, կարելի է համարել մեր նորագույն պատմության հավաստի սկզբնաղբյուր, եթե, իհարկե, ժամանակակից պատմագիրները երբեւէ հրաժարվեն փաստազուրկ ու կեղծ տեքստեր երկնելու արատավոր պրակտիկայից։
«Սկիզբ»-ը սկսվում է կարճ նախաբանով։ Հեղինակը պատմում է, որ Երեւանից Մեղրի եկած մի գրող (անունը չի տալիս) համառորեն ուզում էր վերցնել իր գրառումները՝ գրքում օգտագործելու համար։ Դավիթը հրաժարվում է դրանք անանուն գրողին տրամադրելուց՝ պատճառաբանելով. «Քո ասած ժամանակաշրջանը դեռ ընթացքի մեջ է, օբյեկտիվ չէ, ավելին՝ ամոթ է այդ մասին հիմա գիրք գրելը։ Իսկ նշումներ արել եմ, որ չմոռանամ։ Մի 25-30 տարի հետո, եթե ողջ լինեմ, կարողանամ սառը դատողությամբ վերլուծել ու շարադրել ամենը՝ [կգրեմ] ինչպես որ եղել է, որպեսզի իմ երեխաներն ու նրանց սերնդակիցներն իմանան ճշմարտությունը»։
Ժամանակից հետ մնալ չցանկացող անանուն գրողը, եթե ստանար մասնակից-ականատեսի նշումներն, ամենայն հավանականությամբ, զատելու էր հերոսականը («Սկիզբ»-ում հերոսականի պակաս չկա), իսկ Դավիթ Մաթեւոսյանը խնայում ու փայփայում էր իր հուշը, որովհետեւ համատեքստից դուրս դա կարող էր ընկալվել որպես սովորական, թող ներվի ասել՝ գռեհիկ, սնապարծություն։ Հուշն արժեքավոր է ոչ միայն դեպքերի եւ փաստերի ճշգրիտ շարադրանքով, այլեւ հիշողի ապրումի անկեղծությամբ։
Եթե ինձ հարցնեն՝ ինչի մասին է «Սկիզբ»-ը, առաջին պատասխանը, որ կանցնի մտքովս, կլինի «հայրենասիրություն»-ը։ Եվ սխալված չեմ լինի, որովհետեւ այս հուշապատումն իրոք հայրենասիրության օրինակների շարադրանք է։ Բայց քանի որ «հայրենասիրություն» եզրը (այո՛, եզրը, ոչ թե բառը) տարիների ընթացքում չարչրկվել եւ արժեզրկվել է, կարիք կլինի, ուրեմն, բացատրելու, որ հայրենասիրությունը մարդուց առանձին չէ։
Հայրենասիրությունն անպայման հաղթած եւ անզիջում լինելը չէ։ Հայրենասիրությունն անպայման մեկինը չէ, եւ այնպես չէ, որ հարեւանդ չի կարող հայրենասեր լինել։ Եթե ընդունում ես հարեւանիդ (հակառակորդիդ, թշնամուդ) հայրենասեր լինելու իրավունքն ու իրողությունը, հակամարտությունը տեղափոխվում է մարդկայինի ոլորտ։
«Սկիզբ» հուշապատումի գրեթե բոլոր դրվագներում ռազմական գործողություններն ու մարդկային շփումները միահյուսված են։ «Ակն ընդ ական»-ը, որ ցանկացած հակամարտության նշանաբանն է, Մաթեւոսյանի հուշերում մեղմվում, երբեմն անտեսանելիորեն չեզոքացվում է «Սիրի՛ր մերձավորիդ»՝ հակամարտության հետ ոչ մի կապ չունեցող պատվիրանով։ Անշուշտ սա կարելի է թուլություն նկատել, ինչպես անխորամիտ շատերն են քրիստոնեությունը թուլություն համարում՝ «Չարին հակառակ մի՛ կանգնիր» պատվիրանը վկայակոչելով։
«Սկիզբ» հուշապատումում առկա է պատերազմի (որպես հակամարտության հետեւանք) անխուսափելիությունը, բայց ակնհայտ է նաեւ դրա ժամանակավոր լինելու գիտակցումը։ Անխուսափելիի եւ ժամանակավորի այս համադրումով մասնակից-ականատես-վկան խաղաղ ապագայի հույս է տալիս, համոզում, որ կողմերը ոտքի չեն կանգնել միմյանց իսպառ ոչնչացնելու համար, որ «ակն ընդ ական»-ն ի վերջո ոչ թե հավատամք է, այլ հանգամանքների պարտադրած վարք։
Նրանք մերոնց են գերի վերցրել, մենք էլ գերի ենք «հայթայթում» փոխանակման համար, բայց չենք կորցնում մարդկային դեմքը, չենք հրաժարվում երկխոսելուց, միմյանց հետ հաց կիսելուց ու մի բաժակ թեյ խմելուց։
Որդիների սերունդն, այս հուշապատումին ծանոթանալով, կհասկանա, որ վաղ 90-ականներին կատարվածը պատերազմ էր, բայց մարդու պատերազմ։ Կհասկանա նաեւ, որ մարդու պատերազմը մարդկային միջոցներով չհանգուցալուծելն էր որ գոյացրեց կոշտ հակադրության եւ ատելության լիցքը՝ ունակ պայթելու տմարդու պատերազմով։ Եվ ողջ կյանքը խաղաղության հավատամքով ապրած հայրենասերը տմարդու այդ պատերազմում դարձավ անօդաչու սարքի զոհ։
Անօդաչու, այսինքն՝ առանց մարդու։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։