Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Կառավարության հուլիսի 21-ի ընդունած նախագծով Հայաստանի երեք մարզերի 27 բնակավայրերում կվերանորոգվեն խմելու ջրի մատակարարման ցանցերը, կվերանորոգվեն կամ կկառուցվեն ամբողջովին նոր ջրի մաքրիչ կայաններ:
Խմելու ջրի ցանցերի վերականգնման համար ներդրումային ծրագիրն, ըստ նախարարի, բավականին մեծ է: Նախագիծը կիրականացվի 2022-2024 թվականների ընթացքում, որի համար կպահանջվի 6 միլիարդ 200 միլիոն դրամ գումար:
Ըստ նախարարի՝ այս տարի պայմանագրերի կնքման եւ ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ է հատկացնել 2 միլիարդ 468 միլիոն դրամ, որից՝ 2 միլիարդ 414 միլիոն դրամը՝ շինարարության, 37 միլիոն դրամը՝ տեխնիկական հսկողության, իսկ 15,8 միլիոն դրամը հեղինակային հսկողության համար է:
Ծրագրերը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը, բայց ծրագրի պատասխանատուն, իրավական կողմը եւ համաձայնագրեր կնքողը կդառնա Ջրային կոմիտեն:
Ջրատարը մաշված է, ջրի կորուստը շատ է լինում
Եվ հիմա այն բնակավայրերում, որտեղ ընդհանրապես ջրագիծ չկա, կկառուցվի, իսկ այնտեղ, որտեղ կա, կվերակառուցվի, եւ նոր ջրագծեր կանցկացվեն: Նման խնդիրներ ունեցող բնակավայրերը Արարատի մարզում են՝ Արտաշատ եւ Մասիս քաղաքները եւ գրեթե երկու տասնյակի հասնող գյուղերը, Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերը եւ Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքները:
Սանոսյանը պարզաբանել է նաեւ, թե ինչու են ընտրվել հենց այդ համայնքները: Ըստ նրա՝ նշված բոլոր բնակավայրերը «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, եւ կան որոշակի խնդիրներ, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա:
Նախարարը նշել է, որ Արարատի մարզի մոտ 70 բնակավայրի հիմնականում Գառնիի աղբյուրների ջրով են ջրամատակարարում ապահովում եւ տեղում պոմպերով: Ըստ նրա՝ քանի որ ջրատարը մաշված է, ջրի կորուստը շատ է լինում, իսկ 70 բնակավայրից 20-ն ամենածանր վիճակում են:
Սանոսյանը հավելել է, որ Մեղրիում եւ Ագարակում ամբողջովին ջրի մաքրման նոր կայաններ կկառուցվեն: Մասնավորապես Ագարակի՝ 1960-ականներին կառուցված ջրի մաքրման կայանի վիճակը նորմալ չէ, հզորությունը չի բավարարում: