Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում Իսպանիայի փոխվարչապետ եւ բնապահպանական անցման նախարար Թերեսա Ռիբերան հայտնել է, որ Իսպանիայի իշխանությունը, հակառակ գազի պահանջարկը 15%-ով նվազեցնելու մասին Եվրահանձնաժողովի նախաձեռնություններին, մտադիր չէ օրենսդրական մակարդակով սպառողներին պարտադրել սահմանափակել գազի օգտագործումը։
Եվրահանձնաժողովը նոր համակարգված միջոցներ է առաջարկել գազի պահանջարկի կրճատման ուղղությամբ։ Դրանք ենթադրում են սկզբում կամավոր ԵՄ բոլոր անդամ պետությունների համար 2022-ի օգոստոսի 1-ից մինչեւ 2023-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 15%-ով նվազեցնել գազի պահանջարկը: Սա համապատասխանում է 45 միլիարդ խորանարդ մետր գազին։ Եվրահանձնաժողովի առաջարկները նախքան ուժի մեջ մտնելը պետք է համաձայնեցվեն ԵՄ խորհրդում։
«Մենք մտադիր չենք օրենսդրության մեջ ներառել այնպիսի պարտավորություն, որով տնային թերմոստատը պետք է կարգավորվի որոշակի ջերմաստիճանի համար։ Մտադիր ենք առաջարկություններ ներկայացնել այդ կապակցությամբ»,- Cadena SER ռադիոկայանին ասել է Ռիբերան։
Արդյունաբերության ոլորտի վերաբերյալ Ռիբերան հայտնել է, որ այստեղ Իսպանիայի իշխանությունը կփնտրի՝ գազի սպառման հարցում մեղմացման ինչ միջոցներ կարելի է կիրառել:
Նախօրեին Ռիբերան հայտարարել է, որ Իսպանիան դեմ է Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը, որն առաջարկել է ԵՄ երկրներին 15%-ով նվազեցնել գազի պահանջարկը: Նա խոր ափսոսանք է հայտնել անդամ երկրների հետ Եվրահանձնաժողովի երկխոսության բացակայության կապակցությամբ ու դիմել էներգետիկայի նախարարներին՝ մեկ շաբաթից Բրյուսելում լուծելու տարաձայնությունները։
Ռիբերան նշել է, որ կառավարությունը կպաշտպանի երկրի գործարար շրջանակների շահերը, քանի որ գազի օգտագործման կրճատումը կարող է հանգեցնել իսպանական արդյունաբերության մրցունակության լուրջ կորստի: