Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Նա հայտարարել է, որ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին Մուստաֆա Շենթոփը խոսել է Ստամբուլում երեք երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։
Ըստ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ժողովուրդներին կապում են «պատմական եւ մշակութային սերտ կապերը»։
Շենթոփը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել էր նաեւ 2021-ին Անկարայում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ: Այն ժամանակ նա ընդգծել էր, որ միջանցքն իր ներդրումը կունենա համաշխարհային առեւտրի համար։ Ավելին՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը շեշտել էր, թե Անկարան Երեւանից համարձակ եւ կառուցողական քայլեր է ակնկալում։